Դատարանը Գառնիկ Իսագուլյանին պարտավորեցրել է հերքել Մակունցի մասին ասածը և փոխհատուցել

Գառնիկ Իսագուլյան
Գառնիկ Իսագուլյանից հօգուտ Լիլիթ Մակունցի պետք է 424 000 դրամ բռնագանձվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը պետք է հերքի ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի մասին հայտարարությունները։ Դատավոր Գրիգորի Վարդանյանի որոշումը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։
Ըստ այդմ՝ Իսագուլյանը պետք է հերքի այն հայտարարությունները, թե «հեղափոխությունը արվել է բացառապես ադրբեջանական փողերով, որի համար հեղափոխության շատ մասնակիցներ, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Կամոյի Մակունցը, թուրքերից, ադրբեջանցիներից ստացել են ու Հայաստան են ներկրել 48 մլն դոլար»։
Բացի այդ, Իսագուլյանից հօգուտ Լիլիթ Մակունցի պետք է բռնագանձվի 424 000 դրամ որպես փոխհատուցում։
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերին Իսագուլյանը կալանավորվեց. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով)։
Իսագուլյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Ուկրաինայում ՀՀ դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ։ Արդյունքում որոշվել է, որ ՀՀ վարչապետը Բաթումում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է, և չեն կարողանում թոշակները վճարել։