ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Հայաստանի մասին արած հայտարարությունները։
Ավելի վաղ Լուկաշենկոն հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը փախչելու տեղ չունի:
«Ի՞նչ է, կարծում եք` նրանք ինչ–որ մեկին պե՞տք են։ Նրանք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա տեսել է»,– ասել է Լուկաշենկոն` խոսելով Միութենական պետության ընդլայնման հեռանկարների մասին։
Մակեյի խոսքով՝ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր այդ թեմային չափազանց մեծ ուշադրություն են դարձրել։ Նա նշել է, որ պետք է հարցազրույցն ամբողջությամբ դիտել։
«Այնտեղ ոչ մի հիշատակում չի եղել այն մասին, որ որևէ մեկին ստիպում են անդամակցել ինչ-որ ինտեգրացիոն միավորման... Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ խոսակցություններ են տարածվում ինչ-որ դիվանագիտական սկանդալի մասին»,- ընդգծել է Բելառուսի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ հիշյալ հարցազրույցից հետո ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Facebook-ում գրել էր, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքաղաքական օրակարգը և ոչ մի կապ չունեն Հայաստանի ու նրա արտաքին քաղաքականության հետ:
Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ հայերն ու բելառուսները եղբայրական ժողովուրդներ են, և ոչ մի հայտարարություն չի կարող սասանել: