ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Արքայախնձորի շիվը արտաքինից երկար սուր տերևներով թփի է նման, որի մեջտեղում ցողունի վրա աճում է պտուղը։
Ընդունված է համարել, որ արքայախնձորի պատմական հայրենիքը Բրազիլիան է։ Հետաքրքիր է, որ Կարիբյան ավազանի բնակիչներն այս պտղից բուժիչ միջոցներ և գինի էին պատրաստում, իսկ տերևներից գործվածք արտադրում։
Արքայախնձորի օգտակար հատկությունները
Արքայախնձորը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում ոչ միայն իր անկրկնելի համային որակների, այլև օգտակար հատկությունների շնորհիվ։ Այն հարուստ է РР, К, Е, А, С և В խմբի վիտամիններով, ինչպես նաև այնպիսի միկրոտարրերով, ինչպիսիք են կալիումը, մագնեզիումը, ցինկը, պղինձը, սելենը, յոդը և կալցիումը:
Բացի այդ, արքայախնձորը արժեքավոր սննդային մանրաթելեր, պեկտիններ և հակաօքսիդանտներ, բիոֆլավոնոիդներ և բուսական ֆերմենտներ է պարունակում։
Արքայախնձորի օգտակարությունը նիհարելու դեպքում
Արքայախնձորի մեջ ամենաարժեքավորը բրոմելայնն է. ֆերմենտ, որը նպաստում է սպիտակուցի քայքայմանը։ Կարճ ասած` արքայախնձորից բացի միայն պապայան և կիվին կարող են պարծենալ իրենց բաղադրության մեջ բրոմելայնի առկայությունով։ Այս նյութն ամբողջ արքայախնձորի մեջ է պարունակվում, բայց առավել մեծ քանակությամբ` կոշտ միջուկի, թեպետ շատերն այն չեն սիրում։
Բրոմելայնը օգտակար է հատկապես նրանց համար, ովքեր տառապում են ստամոքսի ցածր թթվայնությամբ, մարսողության խանգարումներով։ Բացի այդ, այն օժտված է իմունային համակարգը խթանող և հակաբորբոքային հատկություններով:
Մի քանի տարի առաջ բրոմելայն պարունակող դեղամիջոցներն ակտիվորեն գովազդվում էին որպես ճարպ այրող միջոցներ, սակայն սննդաբանները նախազգուշացնում են, որ արքայախնձորը կնպաստի քաշ գցելուն միայն փոքր կալորիականություն ունեցող հավասարակշռված սննդակարգի և բավարար ֆիզիկական ակտիվության դեպքում:
Այնուամենայնիվ, իզուր չէ, որ արքայախնձորը ներառում են տարատեսակ դիետաներում։ Այս պտուղը В1 վիտամին է պարունակում, որը պատասխանատու է ածխաջրերի փոխանակման համար, և, հետևաբար, օգնում արագ նիհարելու հարցում։ Միևնույն ժամանակ, արքայախնձորը ճարպեր գրեթե չի պարունակում, իսկ կալորիականությունը 100 գրամում ընդամենը 48 կկալ է կազմում։
Բացի այդ, այս միրգը ցածր գլիկեմիկ ցուցիչ ունի, այսինքն արյան մեջ շաքարի և ինսուլինի կտրուկ բարձրացում թույլ չի տալիս։ Սա նշանակում է, որ արքայախնձոր կարող են օգտագործել շաքարախտով հիվանդներն ու ավելորդ քաշ ունեցողները` առանց առողջությանը վնաս հասցնելու։
Այսօր սուպերմարկետներում էկզոտիկ այս միրգը վաճառվում է ինչպես թարմ, այնպես էլ պահածոյացված վիճակում, ինչպես նաև չիպսերի և չրերի տեսքով։ Սակայն այս ողջ տեսականուց միայն թարմ պտուղներում են կենտրոնացած ողջ օգտակար հատկությունները։
Ինչպես է արքայախնձորը բարձրացնում իմունիտետը
Անանասը հզոր իմունոմոդուլյատոր է, ինչը հատկապես արդիական է տարվա ցուրտ եղանակին։ Այն այնքան հարուստ է С վիտամինով, որ վիտամինի օրական պահանջը ստանալու համար բավարար է օրական մի քանի կտոր արքայախնձոր ուտել։ Ի դեպ, այս մրգի հակաբորբոքային հատկությունները հաշվի առնելով` ձմռանը խորհուրդ է տրվում շաբաթական ոչ պակաս, քան մեկ թարմ անանաս ուտել։
Արքայախնձորը` սրտի և անոթների համար
Այս պտուղը շատ օգտակար է բարձր ճնշման և սրտային հիվանդությունների դեպքում, քանի որ շատ լավ մաքրում և ամրացնում է անոթները, ինչպես նաև պայքարում այտուցների դեմ։ Կանոնավոր օգտագործելու դեպքում այն մաքրում է արյունը խոլեստերինից և կարգավորում հեմոգլոբինը։ Ամենից զատ, արքայախնձորը լավ կանխարգելիչ միջոց է քաղցկեղային հիվանդությունների դեմ։
Հանգստացնում է նյարդային համակարգը
Արքայախնձորի առավելությունն այն է, որ այն օգտագործելիս բարձրանում է տրամադրությունը, օգնում է հաղթահարել ընկճախտն ու հանգստացնել նյարդային համակարգը։ Արքայախնձորը որպես հանգստացնող միջոց հանդիսացող ամինաթթվային տրիպտոֆանի հիանալի աղբյուր է։
Արքայախնձորի կիրառումը խոհանոցում
Արքայախնձորը մեծ պահանջարկ է վայելում խոհանոցում հատկապես Ասիայում և Հարավային Ամերիկայում։ Այս մրգից աղանդեր են պատրաստում, փափուկ մասն ավելացնում աղցանների մեջ, շոգեխաշում են, պահածոյացնում, թարմ քամած հյութեր և սմուզիներ պատրաստում։ Այս միրգը հիանալի համադրվում է թռչնամսի, մսի, բրնձի, բանջարեղենի, մրգերի և ծովամթերքի հետ։
Արքայախնձորի վնասը
Մրգային թթուների բարձր պարունակության հաշվին այս մթերքը հակացուցված է գաստրիտ, բարձր թթվայնություն և ստամոքսի խոց ունեցողներին։ Հղիներին խորհուրդ է տրվում բացառել անանասը սննդակարգից, քանի որ այն կարող է վիժում առաջացնել։
Անանաս օգտագործելիս ցանկալի է չգերազանցել թույլատրված չափաքանակը, քանի որ այն կարող է բերանի լորձաթաղանթի գրգռում առաջացնել և խոցերի հանգեցնել։ Չարժե անանաս ուտել նաև այն դեպքում, եթե ալերգիաների հակվածություն ունեք։ Մինչև 6 տարեկան երեխաների համար պետք է սահմանափակել այս մրգի օգտագործումը, հակառակ դեպքում հնարավոր է աղիքի լորձաթաղանթի գրգռում հրահրել:
Էկզոտիկ այս միրգը բարձր թթվայնության պատճառով պետք է զգուշությամբ օգտագործեն նաև ատամի թույլ էմալ ու հիվանդ լնդեր ունեցողները։