ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի–Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Արցախում առաջիկայում կարևոր փոփոխություններ են սպասվում։ Հեղինակների մտահղացմամբ` դրանք ուղղված են քաղաքական համակարգի ու պետական կառավարման համակարգի ամրապնդմանը: Խոսքը, մասնավորապես, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին է։
Առաջ ընկնելով նշենք, որ առաջիկա բարեփոխումներն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին լուրերի առիթ են տվել։ Նրա մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, սակայն, ավելի ուշ հերքել է այդ լուրերը։
Ավելի վաղ
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Ավանեսյանը հայտնել էր, որ Արցախում հայտարարվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկի մասին։ Դրանք մի շարք հարցերի պատասխաններ կտան: Եվ մինչ այդ գործընթացի ավարտը պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչը ձեռնպահ է մնում մնացած քննարկումների վերաբերյալ մեկնաբանություններից։
Ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի՝ Արցախում հայտարարված սահմանադրական բարեփոխումների հիմնական իմաստն այն է, որ նախագահական ընտրություններն առանձնացվեն Ազգային ժողովի ընտրություններից։ Ըստ գործող Սահմանադրության՝ դրանք անցկացվում են սինխրոն, ինչը պետական կառավարչական բնույթի բազմաթիվ խնդիրներ է առաջացնում։
Հիմնական օրենքի փոփոխությունները հնարավորություն կտան պահպանել հիշյալ ինստիտուտներից մեկը՝ երկրորդի հրաժարականի կամ արձակման դեպքում։ Փորձագետը նաև կարծում է, որ բարեփոխումների գործընթացը, ամենայն հավանականությամբ, համաձայնեցված է ինչպես Հայաստանի իշխանության, այնպես էլ ռուսական կողմի հետ` հաշվի առնելով Մոսկվայի կարևոր դերակատարությունը, խաղաղապահների գործոնը և այլն:
Ինչ վերաբերում է Հարությունյանի հնարավոր հրաժարականին, ապա քաղտեխնոլոգը կարծում է, որ այդ դեպքում նոր ընտրությունների նշանակումն ու անցկացումը բավական խնդրահարույց կլինի՝ հաշվի առնելով Արցախի շուրջ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն, իր հերթին, վտանգավոր է համարում Արցախի նախագահի հրաժարականի մասին խոսակցությունները: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ընդգծեց, որ գործող նախագահի հեռանալը Ադրբեջանի կողմից միջամտության առիթ կդառնա։
Բաքուն կխստացնի իր դիրքորոշումը և կսկսի իր պայմանները թելադրել՝ Արցախի ներսում ինչ-ինչ հարցեր լուծելու նպատակով։
Փորձագետի կարծիքով՝ իրավիճակն այժմ արմատապես տարբերվում է մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը եղած իրավիճակից։ Այն ժամանակ Հայաստանն Արցախի անվտանգության լիարժեք երաշխավորն էր։ Բայց նույնիսկ այդ պայմաններում Արցախում ընտրությունները միանշանակ չէին ընկալվում միջազգային հանրության կողմից։ Իսկ այժմ Ադրբեջանը կարող է տարբեր սադրանքների դիմել կամ ուժեղացնել ճնշումը ռուսական կողմի վրա՝ հնարավորինս շատ աշխարհաքաղաքական դիվիդենտներ կորզելու նպատակով։
Բոզոյանն իրեն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմնակից չի համարում, բայց պնդում է, որ նրա հրաժարականի և նոր ընտրությունների դեպքում կորուստներից խուսափել չի լինի։ Թուրքիան և Ադրբեջանը սպասում են, որ նոր էսկալացիայի լրացուցիչ առիթ առաջանա։ Այդ առումով նոր ընտրությունների անցկացումը նրանց համար «նվեր» կլինի։