ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Արցախի խորհրդարանն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Տեղեկությունը հայտնում են ԱՀ ԱԺ–ից։
Նախագծով սահմանվում է 1991-1994թթ-ին, 2016թ-ին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակը ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված առանձնահատկությունները։
Նշենք, որ երեկ`փետրվարի 15-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, ԱԺ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկմանն է ներկայացվում «Բռնազավթված տարածքների մասին» նախագծի փաթեթը։