ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ԱՄՆ–ն դեռ Ուկրաինայի սահմանից ՌԴ զինվորականների հետքաշում չի նկատել։ ICTV–ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք դեռ Ուկրաինայի հետ սահմանից ռուսական ուժերի հետքաշում չենք տեսել»,–ասել է Բլինկենը ICTV–ին։
Արևմուտքը շարունակում է հայտարարություններ անել այն մասին, թե իբր Ռուսաստանը սադրանք է նախապատրաստում Ուկրաինայում, անկախ նրանից, որ ՌԴ զորքերը զորավարժություններից հետո վերադարձել են իրենց տեղակայման վայրեր։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հանդիպում է ունեցել արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ ՌԴ ՊՆ ղեկավարը Պուտինի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է, որ «վարժանքների մի մասն ավարտին է մոտենում, մյուս մասը կավարտվի առաջիկայում»։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը երեկ` փետրվարի 15–ին, լրագրողներին հայտնել էր, որ ՌԴ Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգները սկսել են վերադարձնել զորքերը տեղակայման վայրեր։
«Զորավարժություններից հետո զինվորականներին տեղակայման վայրեր վերադարձնելը սովորական պրակտիկա է, որևէ նորություն այստեղ չկա»,–ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ի պատասխան լրագրողների այն հարցի, թե արդյոք զորքերի դուրսբերումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի դեէսկալացիա է նշանակում։
Միևնույն ժամանակ, Պեսկովը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՆԱՏՕ-ն հայտարարություններ է անում Ուկրաինայի հետ սահմանին դեէսկալացիայի նշանների բացակայության մասին, նշել էր, որ ՆԱՏՕ–ն իրավիճակը գնահատելու հետ կապված խնդիրներ ունի։