ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հրապարակել է իր և նախկին կնոջ՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նամակագրությունը, որտեղ խոստովանել է, որ ինքն է Քարդաշյանի գլխավոր երկրպագուն։ Չնայած նրան, որ ռեփերը արդեն ջնջել է հրապարակումը, այն հայտնվել է լրատվականների ուշադրության կենտրոնում։
The Independent պարբերականը հայտնում է, որ հրապարակված նամակագրության «սքրինշոթում», Քիմը քննադատում է Ուեսթին, որ վերջինս «վտանգավոր և սարսափելի միջավայր» է ստեղծել իր ընկերոջ՝ կատակերգու Փիթ Դևիդսոնի համար:
«Եթե ինչ-որ մեկը վնասի Փիթին, դա կլինի քո մեղքը», — գրել է Քարդաշյանը։
Նամակագրության մեջ Քիմը հետաքրքրվել է, թե ինչու է Քանյեն հրապարակային դարձնում իրենց անձնական կյանքը։
Ռեփերը կրկին իրեն բնորոշ հայտարարություն է արել` նշելով, որ ինքն է Քիմի երկրպագուն է։
«Որովհետև ես քո գլխավոր երկրպագուն եմ։ Թող բոլորն իմանան», - պատասխանել է Ուեսթը։
Վերջերս հայտնի դարձավ, որ Քանյե Ուեսթը բաժանվել է ընկերուհուց՝ ամերիկացի մոդել և դերասանուհի Ջուլյա Ֆոքսից։ Ուեսթը գրել էր, որ ցանկանում է վերամիավորվել իր ընտանիքի հետ և շատ կուզեր, որ կինն իր կողքին նստած լիներ։
Հիշեցնենք՝ Ուեսթի և Ֆոքսի հարաբերությունների մասին հայտնի դարձավ մոտ երկու ամիս առաջ։ Դերասանուհին անկեղծորեն պատմել էր ռեփերի հետ ժամադրության մասին, և թվում էր՝ ամեն ինչ շատ լուրջ է։ Նշենք, որ 7 տարի տևած ամուսնությունից հետո Քիմը դիմել է ապահարզան ստանալու համար, բայց նրանց ամուսնալուծության գործընթացը դեռ չի ավարտվել։