ՌԴ–ն պատերազմ չի ուզում, դրա համար էլ Եվրոպայում անվտանգության մասին առաջարկներ է արել

Ավարտվել են ռուս-գերմանական բանակցությունները Եվրոպայում անվտանգության և, առավելապես, Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի պատասխաններում կան պահեր, որոնք Ռուսաստանը պատրաստ է քննարկել, ներառյալ միջին և փոքր հեռավորության հրթիռների վերացման մասին պայմանագիրը և ռազմական թափանցիկությունը։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կրկնում եմ, որ Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ի այլ անդամներից ստացված պատասխաններն անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկություններին` մեր կարծիքով չեն համապատասխանում նշված երեք հիմնական ռուսական պահանջներին, սակայն ներկայացված պատասխաններում, ինչպես ինձ երեկ զեկուցեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը, առկա են մի շարք նկատառումներ, որոնք մենք ոչ միայն պատրաստ ենք քննարկել, այլ, ըստ էության, մենք ժամանակին առաջարկել ենք մեր գործընկերներին նախորդ տարիներին»,-ասել է Պուտինը ռուս-գերմանական բանակցությունների ամփոփիչ ասուլիսում։

Նրա խոսքով՝ հարցերը վերաբերում են եվրոպական անվտանգությանը, սպառազինության որոշակի համակարգերին, «նկատի ունեն միջին և փոքր հեռահարության հրթիռները, ռազմական թափանցիկությունը»:
Լավրովը միմիկայով է պատասխանել լեհ լրագրողի հարցին՝ Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» մասին
Խոսելով Եվրոպայում պատերազմի սպառնալիքի մասին՝ Պուտինը հիշեցրել է, որ մի պատերազմ արդեն սանձազերծվել է ՆԱՏՕ-ի կողմից, այն ժամանակ խոշոր ռազմական գործողություն է եղել՝ հրթիռառումբային հարվածներ են հասցվել եվրոպական մայրաքաղաքներից մեկին՝ Բելգրադին:

«Պարոն դաշնային կանցլերը հենց նոր ասաց, որ իր սերնդի մարդիկ (ես այդ սերնդից եմ) դժվարությամբ են Եվրոպայում ինչ-որ պատերազմ պատկերացնում։ Բայց չէ՞ որ մենք ականատես եղանք Եվրոպայում պատերազմի, որը սանձազերծվեց հենց ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի դեմ։ Չէ՞ որ դա եղել է։ Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների։ Սա շատ վատ օրինակ է, բայց դա եղել է», - ասել է նա։

«Արդյո՞ք մենք դա (պատերազմ, - խմբ.) ուզում ենք։ Իհա՛րկե ոչ։ Հենց այդ պատճառով էլ առաջարկներ ենք ներկայացրել բանակցային գործընթացի վերաբերյալ, որի արդյունքը պետք է լինի բոլորի, այդ թվում՝ մեր երկրի հավասար անվտանգության ապահովման մասին պայմանավորվածությունը», - ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանն անվտանգության ոլորտում գործելու է ըստ պլանի՝ կախված իրավիճակից, որը միայն իրենից չէ, որ կախված է: Պուտինն ավելացրել է, որ Մոսկվան ձգտում է պայմանավորվել դիվանագիտական ճանապարհով։
«Ռուսաստանի ուժային զսպումը մեր կողմից ընկալվում է որպես ազգային անվտանգության ուղղակի ու անմիջական սպառնալիք, որը հանելուն են ուղղված մեր ներկայացրած նախագծերի հիման վրա կազմված իրավական համաձայնագրերը», - ասել է Պուտինը:
ՆԱՏՕ- ն որոշակի լավատեսություն է տեսնում Մոսկվայից եկող ազդակներում. Ստոլտենբերգ
Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետաձգումը ոչինչ չի փոխում. հարցը պետք է հիմա լուծել։
Պատասխանելով Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ճանաչման մասին հարցին՝ Պուտինն ասել է, որ Դոնբասի խնդիրների լուծման հարցում Ռուսաստանը նախևառաջ ելնելու է Մինսկի համաձայնագրերի կատարման՝ մինչև վերջ չիրականացված հնարավորություններից: Ընդ որում, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ավելացրել է, որ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ճանաչումը քաղաքական աղետ ու Մինսկի պայմանավորվածությունների խախտում կլինի:
Այսօր` փետրվարի 15–ին, Պետդուման քվեարկել է ինքնահռչակ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ճանաչման անհրաժեշտության մասին ՌԴ նախագահին ուղղված դիմումի օգտին: