ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար պարզ չէ իրեն վերագրվող մեղադրանքի էությունը։ Քոչարյանը դատարանին խնդրեց պարզաբանել` ինչ են ուզում իրենից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով հերթական նիստը։ Մեղադրական կողմը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Ինչպես Քոչարյանը, այնպես էլ Գևորգյանը, մասնակցում են նիստին։
«Ես իսկապես չեմ հասկանում այս մեղադրանքի էությունը։ Ես պե՞տք է հասկանամ, թե ինչ եմ արել և ինչ չպետք է անեմ։ Չի նկարագրված մի գործողություն, որի բացատրությունը տամ։ Երբ գա անհրաժեշտ պահը, ես պետք է կանգնեմ ամբիոնի մոտ և հարցնեմ` ինձանից ի՞նչ եք ուզում։ Ես ֆանտաստիկ բաներ չեմ ուզում, չէ՞»,–ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ մեղադրանքում նշված է` ինչ–որ վարչատնտեսական լիազորություններ է խախտել, սակայն նման լիազորություններ Սահմանադրությամբ վերագրված էլ չեն ՀՀ նախագահին։ Քոչարյանը դիմեց դատարանին` հորդորելով գտնել տարբերակ և իրեն բացատրեն, թե ինչի մեջ է մեղադրվում։
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ իր հերթին հայտնեց` մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Քոչարյանն իր պաշտոնեական դիրքն է օգտագործել, սակայն նշված չէ` որ լիազորության մասին է խոսքը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց` դատարանը գտնում է, որ մեղադրանքը պատշաճ պարզաբանված է։ Գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ իր հերթին հայտնեց` այս փուլում չեն կարող մտնել վիճաբանության մեջ։
Ի պատասխան Քոչարյանի պաշտպանները որպես բողոքի նշան լքեցին դատարանի դահլիճը։ Գործով դատախազն էլ միջնորդեց դատական սանկցիա կիրառել Քոչարյանի պաշտպանների դեմ դատական դահլիճը լքելու համար։
«Դատարանն իր նախաձեռնությամբ կանդրադառնա պաշտպանների վարքագծին, և դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ` դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու»,–ասաց Աննա Դանիբեկյանը։
Այսպիսով, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի այսօր երեկոյան՝ ժամը 17։50-ին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստել է, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
ՍԴ–ն որոշել էր, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։
Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։ Նա մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ՝ վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։