Պենտագոնի ղեկավարը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Մոսկվայի հետ շփումը

Յենս Ստոլտենբերգն ու Լլոյդ Օսթինը. Արխիվային լուսանկար
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել կապված ՆԱՏՕ–ի արևելյան թևում «վճռական պաշտպանություն պահպանելու» կարևորության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ու ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցության ու Ուկրաինայի շուրջ լարված իրավիճակը թուլացնելու անհրաժեշտությունը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նախարար Օսթինն ու գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը կարծիքներ են փոխանակել նաև վճռական զսպվածություն և պաշտպանություն ապահովելու կարևորության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել են, որ Ռուսաստանի գործողություններն ի վերջո հակառակ արդյունք են տալու` հանգեցնելու են ավելի ուժեղ և միավորված ՆԱՏՕ-ի, որը նախատեսված է արևելյան թևում ագրեսիան զսպելու և պաշտպանելու համար», – հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը զրույցի ընթացքում ընդգծել է նաև Բրյուսելում ՆԱՏՕ–ի երկրների պաշտպանության նախարարների առաջիկա հանդիպման կարևորությունը։
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վերջին ամիսներին էլ ավելի են սրվել, վատթարացել է Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը։ Վաշինգտոնն ու Բրյուսելը մեղադրում են Մոսկվային «ներխուժում» նախապատրաստելու մեջ` հայտարարելով, որ Ռուսաստանը զորք է տեղակայում հարևան պետության հետ սահմանի մոտ։ Այս ֆոնին ՆԱՏՕ–ն ուժեղացնում է ներկայությունը Արևելյան Եվրոպայում՝ այնտեղ լրացուցիչ ուժեր և զորամիավորումներ տեղափոխելով։
Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքներն ու հայտարարում, որ դրանք պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ–ի ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար։