ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի շուրջ իրավիճակի անհապաղ ապաէսկալացում է անհրաժեշտ, պատերազմ չպետք է լինի։ Այս մասին այսօր հայտարարել է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա ընդգծել է, որ իր այցը Ռուսաստանի մայրաքաղաք անցնում է «Եվրոպայում բազմաթիվ տասնամյակների կտրվածքով ամենածանր և սպառնալից» ճգնաժամի ներքո։ Շուլցի խոսքով՝ բանակցությունների ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվել Ռուսաստանին և սահմանի երկայնքով ռուսական զորքերի կենտրոնացմանը: Բացի այդ, երկրների ղեկավարները մանրամասն քննարկել են անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի ձևակերպած հարցերը։
Շոլցը Պուտինին ներկայացրել է անվտանգության հետ կապված իրավիճակի իր գնահատականը և այն, թե ինչպես են այն գնահատում եվրոպացի մյուս գործընկերները։
«Մենք մտահոգ ենք, որ հարյուր հազար զինվորական է կենտրոնացված Ուկրաինայի հետ սահմանին, դրա համար տեսանելի պատճառ չկա։ Անհապաղ ապաէսկալացիա է անհրաժեշտ։ Այս լարված իրավիճակում շատ կարևոր է, որ պատերազմ չսկսվի»,-ավելացրել է նա։
Միաժամանակ Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ խնդիրը չպետք է փակուղի մտնի, դա դժբախտություն կլինի բոլորի համար:
«Մենք չպետք է փակուղի մտնենք, այն փորձանքի կվերածվի բոլորիս համար»,-հայտարարել է Շոլցը։
Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է նաև, որ եվրոպական անվտանգությունը «չի կարող լինել Ռուսաստանի դեմ, այլ միայն նրա հետ միասին»:
«Մեզ՝ գերմանացիներիս, և մյուս եվրոպացիների համար միանգամայն պարզ է, որ կայուն անվտանգությունը չի կարող կառուցվել Ռուսաստանի դեմ, այլ միայն Ռուսաստանի հետ միասին։ Եվ մենք այս հարցում միասնական ենք՝ թե՛ ՆԱՏՕ-ում, թե՛ Եվրոպական միությունում»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ Արևմուտքը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու ենթադրյալ ծրագրերի մեջ։ Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի` «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը ոչ մի առիթ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի բացառում, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի շուրջ ստեղծված հիստերիան ուղղված է Կիևի կողմից Դոնբասի վերաբերյալ Մինսկի համաձայնությունների սաբոտաժը կոծկելուն։
Արևմուտքից շարունակում են հայտարարություններ հնչել այն մասին, թե իբր Ռուսաստանը սադրանքներ է պատրաստում Ուկրաինայում, չնայած զորավարժություններից հետո ռուսական զորքերը վերադարձել են մշտական տեղակայման վայրեր։ Փետրվարի 14–ին ՌԴ նախագահը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ ՌԴ պաշտպանության նախարարը Պուտինի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է, որ «զորավարժությունների մի մասը մոտենում է ավարտին, մի մասն էլ կավարտվի մոտ ժամանակներս»: ՌԴ Հարավային և Արևմտյան ռազմական շրջանները սկսել են զորքերի վերադարձը տեղակայման վայրեր։