Լավրովն ու Միրզոյանը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցը

ՀՀ–ի և ՌԴ–ի ԱԳ նախարները քննարկել են նաև ՀԱՊԿ-ում փոխգործակցությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր` փետրվարի15-ին, հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հրատապ հարցեր, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։ Քննարկվել է նաև ՀԱՊԿ-ում փոխգործակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի նախագահությունը:
Երկու երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել անվտանգության երաշխիքների շուրջ ընթացող բանակցությունների շուրջ։
Ընդգծվել է Եվրատլանտյան տարածաշրջանում հավասար անվտանգության սկզբունքների հետևողական պաշտպանության կարևորությունը:
Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել երկկողմ, բազմակողմ հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի։

«Զրուցակիցներն ընդգծել են հայ֊ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և սահմանագծման հարցերով մեխանիզմների ձևավորումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։