Կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում գտնվողների 81,5%-ը պատվաստված չէ․ ԱՆ

Հիվանդանոց
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների, հոսպիտալացվածների և ծանր վիճակում գտնվողների մեծ մասը պատվաստված չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել կորոնավիրուսով վարակված, բայց չպատվաստված անձանց վերաբերյալ։

«Թեստի դրական պատասխան ստացածների 74,7%-ը պատվաստված չէ։ Հոսպիտալացվածների 82%-ը և ծանր վիճակում գտնվողների 81,5%-ը պատվաստված չէ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 13-ի տվյալներով` Հայաստանում 876 951 մարդ է լիովին պատվաստվել կորոնավիրուսի դեմ (երկու դեղաչափ)։ Բուստեր է ստացել 15 539 անձ։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1307-ով և դարձել 408381: Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 15-ով և դարձել 8201։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1575։