Կլինեն անվճար հայերենի դասեր, ֆորումներ. ՀՀ–ում կգործի հայրենադարձների ինտեգրման կենտրոն

Կենտրոնը փորձելու է արտասահմանում ապրող հայերի համար ավելի հեշտացնել հայրենադարձության գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանում նախատեսվում է բացել հայրենադարձների ինտեգրման կենտրոն, ներկա պահին աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Հայրենադարձների ինտեգրման կենտրոն» ծրագրի համակարգող Մարգարիտա Բաղդասարյանը:
Նա նշեց, որ կենտրոնի համար «Հովնանյան» հիմնադրամը 309 քմ տարածք անհատույց տրամադրել է։ Այժմ վերանորոգման, կահավորման աշխատանքներ պետք է կատարվեն։
Ծրագրի համակարգողը հույս հայտնեց, որ մոտակա 6 ամսում հնարավոր կլինի կենտրոնը բացել։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում ուսումնասիրություններ են արվել և ինտեգրման ծրագրի առումով Իսրայելի փորձն է համարվել լավը։ Հայաստանյան ծրագիրն էլ ստեղծվել է հենց դրա հիման վրա։

«Մենք այստեղ կփորձենք լուծել հայրենադարձության վերաբերյալ ցանկացած հարց (փաստաթղթավորման, կացության, քաղաքացիության)` պետական համակարգի հետ առնչվելու գործընթացը (առողջապահական, ուսումնական և այլ խնդիրներ), անձնական բեռի տեղափոխումը։ Ինտեգրման կենտրոնի բուն խնդիրը հենց դա է լինելու, այսպիսով էլ արտասահմանում ապրող հայերի համար կհեշտացվի հայրենադարձության գործընթացը»,– նշեց Բաղդասարյանը։

Փաստաթղթերի մասին խոսելով` նա մի օրինակ բերեց. ՀՀ օրենքով սահմանվում է, որ ազգությամբ հայը կարող է դիմել և ստանալ քաղաքացիություն, սակայն Անձնագրային և վիզաների վարչությունում պահանջվում է այդ թղթերում որևէ տեղ լրացնել նաև ազգությամբ հայ լինելու հանգամանքը։ Նրա խոսքով` շատերի համար դա հասանելի չէ, քանի որ նրանք, օրինակ, կնքվել են հայկական եկեղեցում, սակայն մկրտության վկայականում նշված չէ ազգութայմբ հայ լինելը։ Ստիպված տվյալ անձը պետք է դիմի այդ եկեղեցի, որպեսզի այնտեղ փոփոխություն կատարվի, կրկին վավերացվի, թարգմանվի։
Բաղդասարյանի պնդմամբ` իրենք պետք է համագործակցեն բոլոր պետական մարմինների հետ, այդ ամենը կհստակեցվի մոտակա մի քանի ամսվա ընթացքում։
«Հասկացանք, որ Հայաստանը կարող է վերանալ». սփյուռքահայերի կրթական նախագիծը Սյունիքում
Նախատեսվում է կենտրոնում կազմակերպել անվճար հայերենի դասընթացներ, ֆորումներ, networking միջոցոռումներ, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանք գտնել։
Բոլոր հայրենադարձներին տրամադրվելու են ինտեգրման աջակիցներ, որի հետ ՌԴ–ում, ԱՄՆ–ում կամ այլ երկրում գտնվող անձինք կկարողանան կապ հաստատել մինչև ՀՀ տեղափոխվելը։ Աշխատակիցը շփման մեջ կլինի իր շահառուի հետ անգամ ՀՀ–ում գտնվելու առաջին 6 ամսվա ընթացքում։
Կենտրոնը պատրաստ կլինի արձագանքելու ու օգնություն ցուցաբերելու և՛ ֆորսմաժորային (ինչպիսին էր, օրինակ, Լիբանանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը), և՛ հանգիստ իրավիճակում հայրենադարձվող անձանց։
Վերջին 1 տարում հայրենադարձվելու հայտեր շատ են ներկայացրել լիբանանահայերը, Ռուսաստանում, Իրանում, Վրաստանում, ԱՄՆ–ում, ինչպես նաև Ֆրանսիայում բնակվող հայերը։