Խորհրդարանական ընդդիմությունը 2 դիմում է ներկայացրել ՍԴ

Արամ Վարդևանյան
Դիմումներից մեկը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը, մյուսը մշակվել է «Պատիվ ունեմ» խմբակցության հետ համատեղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը դատարանների և տեղական ինքնակառավարման մարմինների անկախության խնդիրների վերաբերյալ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Հաշվի առնելով երկակի ստանդարտը և հիմնավորվածության դեֆիցիտը արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասով՝ վիճարկել ենք առհասարակ Դատական օրենսգրքով նախատեսված այդ լիազորության սահմանադրականությունը,- Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ գործադիր իշխանության կողմից ՏԻՄ ավագանու կարգավիճակի հակասահմանադրական զավթման խնդրին ևս պետք է լուծում տրվի: Մասնավորապես դիմումով վիճարկվել է գործադիր իշխանության՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու լիազորությունը։ Ըստ ընդդիմադիրների՝ օգտագործելով այդ լիազորությունները` իշխանությունը միջամտում է համայնքային ընտրություններին` առանց հաշվի առնելու՝ տվյալ համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակի ձևով, թե ավագանու կողմից։
«Ներկայացված երկու դիմումները և նշյալ խնդիրները հերթական իրական փաստերն են Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթացի, և հատկանշական է, որ այդ ձևակերպումը օգտագործվել էր հենց վերջերս հայտնի «Freedom House» կազմակերպության կողմից»,- նշել է պատգամավորը, որն էլ ՍԴ–ում ներկայացնելու է դիմումները:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Վարդևանյանն ասաց, որ դրանցից մեկը` դատարանների անկախության խնդիրների վերաբերյալ դիմումը, ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը, իսկ երկրորդը` տեղական ինքնակառավարման մարմինների անկախության ակնհայտ խնդիրների վերաբերյալ դիմումն էլ քննարկվել և մշակվել է «Պատիվ ունեմ» խմբակցության հետ համատեղ։