Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի
Ուկրաինայում «ռազմական ագրեսիա» ակնկալելով Արևմուտքը «դժոխային պատժամիջոցներ» է նախապատրաստում։ Սակայն դրանք Հին աշխարհի համար թանկ կարժենան։ Կտուժեն արդյունաբերությունը, առևտուրն ու բանկերը։ Այնպես որ էներգետիկները խնդրում են զսպել կրքերը։
Ցածր մեկնարկի վրա
Մոսկվան կոշտ սպառնալիքներ է ստանում Վաշինգտոնից և Բրյուսելից. անջատել SWIFT միջբանկային կապի գլոբալ համակարգից, փակել խոշորագույն վարկային կազմակերպությունների հասանելիությունը ֆինանսական շուկաներին, Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցների համար մորատորիում հայտարարել։ Մեծ Բրիտանիան արդեն օրենսդրական հիմք է նախապատրաստել. լարվածությունը սրվելու դեպքում Լոնդոնը կկարողանա սահմանափակում մտցնել ցանկացած անձի և կազմակերպության նկատմամբ։
Սակայն արևմտյան տնտեսագետները նախազգուշացնում են. եվրոպացիները, կարծես, թերագնահատում են, թե ինչով այս ամենը կարող է ավարտվել ԵՄ–ի համար։ Մոսկվան շատ լուրջ հաղթաթղթեր ունի, նշում է Financial Times–ը։ Եվ անհրաժեշտության դեպքում, բնականաբար, դրանք գործի կդրվեն։ Օրինակ` կրճատելով գազի մատակարարումները։
Մեծ Բրիտանիայում վառելիքի կեսից ավելին ներմուծվում է Նորվեգիայից, Կատարից և Ռուսաստանից։ Financial Times–ի իրականացրած հարցման մասնակից վերլուծաբանները կարծում են, որ մինչև 2030 թվականը այդ ցուցանիշը կավելանա մինչև 70 տոկոս, մինչև 2040 թվականը` մինչև 80 տոկոս։ Հյուսիսային ծովում մինչև 2050 թվականը սեփական արդյունահանումը կարող է բավարարել ներքին պահանջարկի միայն 15 տոկոսը։
Գլխավոր հարցը` ինչ պատժամիջոցներ Եվրոպան կարող է իրեն թույլ տալ։ Էներգետիկ ոլորտում կախվածությունը հսկայական է. բնական գազի 46 տոկոսը Ռուսաստանից է ստացվում։ COFACE–ի (միջազգային կազմակերպություն, որը մասնագիտացած է առևտրի և արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ռիսկերի ապահովագրման ոլորտում) տվյալներով` այդ է պատճառը, որ ԵՄ–ի սահմանափակումները հազիվ թե կարելի է «զենք» համարել։
Նույնը նավթի դեպքում։ Ինչպես նշում է COFACE–ը, հոսքերի ցանկացած սահմանափակում կհանգեցնի դրանց վերակողմնորոշմանը (հավանաբար դեպի Չինաստան)։ Սա իր հերթին կհանգեցնի գների թանկացման և բացասաբար կանդրադառնա բեռնափոխադրումների շուկայի վրա։ Խափանումներ կարող են առաջանալ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում նավթավերամշակող գործարաններին սպասարկող Ուկրաինայի խողովակաշարերում` «Բարեկամություն–Հարավ» և «Օդեսա–Բրոդի–Պլոցկ»։
Բոլոր ճակատներով
Եվ հարցը միայն էներգետիկան չէ։ Ռուսաստանը ալյումինի (գլոբալ շուկայի 6 տոկոս) և պղնձի (մոտ 10 տոկոս) խոշորագույն արտադրող է։
Հումքի շուկայում առկա ճգնաժամի հետ մեկտեղ աշխարհն արդյունաբերական մետաղների խիստ դեֆիցիտի առաջ կանգնեց։ Լոնդոնի բորսայում սպոտային պայմանագրերը թանկանում են։ Թրեյդերները պատրաստ են ավելի մեծ պարգևավճար վճարել, միայն թե ավելի արագ ստանան ապրանքը։
«Իրավիճակն այսօր էքստրեմալ է, պարզապես աննախադեպ, –նշում է Goldman Sachs-ի վերլուծաբան Նիկոլաս Սնոուդոնը։ – Առաջարկն ընդհանրապես չի արձագանքում պահանջարկի աճին»։
Սա վերջին երկու տարիների լոգիստիկ խափանումների և քովիդի հետ կապված լոքդաունների արդյունքն է։
Հիմնական ապրանքային բորսաներում պղնձի պահուստները հազիվ են գերազանցում 400 հազար տոննան, ինչը չի բավականացնի նույնիսկ մեկ շաբաթ։ Ալյումինը ևս սպառվելու վրա է. Եվրոպայի և Չինաստանի մետաղագործական գործարանները կրճատում են արտադրությունը էներգակիրների ծախսերի սրընթաց աճի պատճառով։
«Ռուսալ» ընկերության կանխատեսման համաձայն` 2022 թվականին ալյումինի դեֆիցիտը կարող է 1.6-1.7 մլն տոննա կազմել։ Ինչպես ընդգծում են COFACE–ում` շատ հնարավոր է, որ առաջարկի հետագա սահմանափակումներ լինեն։
Բացի այդ, Ռուսաստանը մատակարարում է մեքենաշինության ոլորտում անհրաժեշտ պալադիումի մոտ 40 տոկոսը և օդատիեզերական արդյունաբերության մեջ կիրառվող տիտանի շուրջ 1/3 –ը։ Այս մետաղի կարիքն ունեն, օրինակ, Airbus–ն ու Boeing–ը։ Ինչպես նշում է Financial Times–ը, նոր պատժամիջոցների դեպքում ևս մեկ հարված եվրոպական տնտեսությանը կհասցնի Ռուսաստանում BP, Total և Shell նավթային հսկաների համատեղ ձեռնարկությունների կործանումը։
Որևէ լավ բան չի խոստանում նաև միջազգային վճարային համակարգերից Մոսկվայի անջատումը կամ դոլարի նկատմամբ հասանելիության սահմանափակումը։ Կտուժեն եվրոպական պայմանադիր կողմերը։ Իսկ Ռուսաստանը ԵՄ–ի համար մեծությամբ հինգերորդ արտահանման շուկան է։
Վերջապես, նշում է FT–ն, եթե ռուսական իրավաբանական անձանց հաշիվների խոշոր գումարները սառեցնեն, կտուժեն բանկերը։ Ռուսաստանի կորպորատիվ պարտքը ԵՄ վարկային կազմակերպություններին շուրջ 60 մլրդ դոլար է կազմում, գրեթե քառակի անգամ ավելի, քան ամերիկյան կազմակերպություններին։
Այսպիսով, ընդգծում է պարբերականը, ԵՄ–ն ավելի վատ է նախապատրաստված ցանկացած սահմանափակման Մոսկվայի համեմատ, որը ակտիվ միջոցներ է ձեռնարկում Արևմուտքի ցանկացած անբարյացակամ գործողությունների հետևանքները նվազեցնելու համար։
Այլըտրանք չկա
Միևնույն ժամանակ ԱՄՆ–ն դեպի ԵՄ ավելացրել է հեղուկ գազի մատակարարումները մինչև ռեկորդային մակարդակի։ Բացի այդ, Վաշինգտոնը համոզում է մյուս երկրներին եվրոպացիներին օգնություն ցուցաբերել գազի հարցում։ Ինչպես մի քանի շաբաթ առաջ հայտարարեց ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել երթուղիներն ու արտահանման աղբյուրները։ Այդ նպատակով Բրյուսելը շփվում է Կատարի, Ադրբեջանի և Ալժիրի հետ։
Պոտենցիալ «օգնականների» ցանկում նշմարվել են նաև բավական էկզոտիկ մատակարարներ։ Այսպես, օրինակ Ուկրաինա «ներխուժումից» հետո Եվրոպային մատակարարելու ցանկություն է հայտնել Ճապոնիան։ Միևնույն ժամանակ ճապոնացիները երբեք հեղուկ գազ չեն արտահանել և առաջատար են դրա ներմուծման առումով։ Այս ամենը ոչ այլ ինչ է, քան բարեկամական ժեստ ամերիկացիների նկատմամբ, որոնք եվրոպացիների համար էներգիայի այլընտրանքային աղբյուրներ են փնտրում, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում պարզաբանել է տնտեսագետ Մամդուխ Սալամեն։
«Դառը ճշմարտությունն այն է, որ Եվրոպայում ռուսական գազի այլընտրանք չկա», – համոզված է BCS Global Markets–ի նավթի և գազի գծով ավագ վերլուծաբան Ռոնալդ Սմիթը։
Capital Economics–ի գլխավոր տնտեսագետ Էնդրյու Քենինգեմի գնահատականներով` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում գազի գները հեշտությամբ կարող են հասնել դեկտեմբերյան գագաթնակետին։
Կա նաև մեկ այլ խնդիր. Եվրոպայում հեղուկ գազի ենթակառուցվածքները սակավ են։ Դրանք կառուցելու համար երկար ժամանակ է հարկավոր, բացի այդ, դա թանկ է, իսկ հեղուկ գազը նախկինում խողովակաշարային գազի այլընտրանք նույնիսկ չեն դիտարկել։ Եվ դա անհերքելի է, փաստել է ֆրանսիական Total Energies–ի ղեկավար Պատրիկ Պույանեն։ Նա հիշեցրել է, որ այսօր գազը բավականացնում է միայն Ռուսաստանի շնորհիվ։
Եվ նույնիսկ ամերիկացիներն են խոստովանում. կոլեկտիվ այդ ջանքերն ապարդյուն են։ Դեռևս 2017 թվականին, վերլուծելով մինչև 2050 թվականի էներգետիկ ռեսուրսների շուկան, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը համոզվել է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում Հին աշխարհն առանց ռուսական հումքի չի կարողանա ապրել։
Այսպիսով` Եվրոպան ստիպված կլինի երկխոսության մեջ մտնել Մոսկվայի հետ։ Հակառակ դեպքում, ինչպես կանխատեսում են Bruegel կենտրոնի վերլուծաբանները, նոր ճգնաժամ կարող է լինել, որից դուրս գալու համար «բարդ և թանկ լուծումներ» կպահանջվեն։