Գորիս-Սիսիան և Տաթև-Աղվանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Սպիտակի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը 40 մետր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Փետրվարի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը` հավելելով, որ Տավուշի, Իջևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Գորիս-Սիսիան և Տաթև-Աղվանի ճանապարհներին էլ տեղ-տեղ մերկասառույց է։
Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Սպիտակի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, իսկ տեսանելիությունը 40 մետր է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: