ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ԵԱՏՄ երկրների ղեկավարները մայիսին կհավաքվեն Ղրղզստանում, հավանաբար Իսիկ Կուլում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովը։
Նրա խոսքով`գագաթնաժողովի ընթացքում կանցկացվի նաև տնտեսական մեծ ֆորում, որի ժամանակ կուսումնասիրվեն ԵԱՏՄ–ի վերաբերյալ Ղրղզստանի բոլոր նախաձեռնությունները, որոնք դեկտեմբերին հնչեցրել է նախագահ Սադիր Ժապարովը։ Դրանց շարքում է թույլ տնտեսություն ունեցող երկրների համար Եվրասիական զարգացման բանկի կողմից տրամադրվող միջոցների ավելացումը։
«Հակաճգնաժամային այս կառույցը պետք է գործի, և դա բազմաթիվ անգամ ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այն պետք է աշխատի այնպիսի երկրների տնտեսությունների հարթեցման համար, ինչպիսիք են Հայաստանը, Ղրղզստանը և Բելառուսը, այլ ոչ թե Ռուսաստանի և Ղազախստանի տնտեսությունը պահպանելու համար։ Ահա այս հարցն է մեր կողմից շատ կոշտ դրվելու, և ես հույս ունեմ, որ գործընկերներս ինձ կաջակցեն։ Իսկ այսպես ստացվում է, որ գումարների 99%–ը գնում է Ղազախստանին և Ռուսաստանին աջակցելու համար», – ընդգծել է Ժապարովը։
Բացի այդ, Ղրղզստանի վարչապետը փետրվարի 24-ին Նուր Սուլթանում կառավարության ղեկավարների նիստի ժամանակ նախատեսում է բարձրացնել միության ներսում խոչընդոտների վերացման հարցը։