ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. ԱՊՀ երկրները քննարկում են Համագործակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) առընթեր դիտորդի կարգավիճակ տալու հարցը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի, այդ մասին լրագրողներին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը։
«Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստում փակ ռեժիմով կքննարկվի ԱՊՀ-ին՝ որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Խորհրդի անդամներն այսօր կքննարկեն այդ հարցը և որոշում կկայացնեն», - ասել է Անֆիմովը։
Նշենք, որ այսօր Բելառուսի մայրաքաղաքում նախատեսված է ԱՊՀ մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստը:
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: