Ադրբեջանն, ընդհանուր առմամբ, փորձում է զարգացնել իր սադրանքային քաղաքականությունը, և չի բացառվում, որ մոտ ապագայում Արցախի այլ պետական պաշտոնյաների հետ կապված նույնպես նմանատիպ հայտարարություններ անեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը Ադրբեջանի դատախազության այսօրվա հայտարարությունն Արայիկ Հարությունյանին կալանավորելու մտադրության մասին։
«Չեմ կարող ասել, թե ինչ պայմաններում են որոշել նմանատիպ աբսուրդ հայտարարություն անել ադրբեջանական կողմից։ Արայիկ Հարությունյանն Արցախի գործող նախագահն է և չեմ կարծում, թե Ադրբեջանում կփորձեն ռիսկի դիմել` գնալու ինչ–որ գործողությունների այն տարածքում, որը գտնվում է այս պահին ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»,–ասաց ադրբեջանագետը։
Ըստ Հովհաննիսյանի` Ադրբեջանն այս հայտարարությամբ փորձում է զարգացնել իր սադրանքային քաղաքականությունը։ Նա նշեց, որ այստեղ հիմնական խնդիրը, որն ադրբեջանցիներն առաջ են քաշում` Գյանջա քաղաքի ռմբակոծությունն է։ Սա իրենց հիմնական քարոզչական գործիքներից մեկն է, որը կիրառում են` փորձելով ցույց տալ` իբր հայկական կողմը հարվածել է Ադրբեջանի խաղաղ բնակչությանը։
«Իրականում բոլոր փաստական ապացույցները հստակ ցույց են տալիս, որ հենց թիրախավորված ու չտարբերակված հարվածներ խաղաղ բնակչությանը հասցրել է ադրբեջանական կողմը։ Ինչ վերաբերվում է ադրբեջանական կողմում պատերազմի ընթացքում նաև խաղաղ բնակչության զոհերին, նրանց պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը, որովհետև իրենք շատ ակտիվորեն օգտագործում են խաղաղ բնակավայրերը որպես վահան Արցախի ու Հայաստանի դեմ գործողություններ իրականացնելու ընթացքում, այդտեղ տեղակայում են զորքեր, այդտեղից իրականացնում են հրթիռահրետանային հարվածներ, Գյանջայի օդանավակայանից շատ ակտիվ աշխատում էր ռազմական ավիացիան»,–մանրամասնեց ադրբեջանագետը։
Հովհաննիսյանը նշեց, որ ռուս խաղաղապահների հիմնական գործառույթներից մեկն է նաև ադրբեջանական կողմի ագրեսիայից պաշտպանել Արցախի հայ բնակիչների անվտանգությունը։ Բացի դրանից, Արցախի բնակչության անվտանգության ապահովման ևս երկու այլ գործոն կա. ԵԱՀԿ Մինսկի համանախագահությամբ արցախյան հիմնախնդրի քննարկումների վերսկսումը և Արցախի պաշտպանության բանակի ամրապնդումը` որպես Արցախի հայ բնակչության անվտանգության երաշխավոր, քանի որ ռուս խաղաղապահներն ամբողջ շփման գծի երկայնքով տեղակայված չեն։
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 15-ին, Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել էր, թե Ադրբեջանի իրավապահ մարմիններն ամենասեղմ ժամկետներում պատրաստվում են պատասխանատվության ենթարկել 2020թ. հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքի վրա հրթիռային հարձակման համար։
Մինչ այդ` 2021թ. հոկտեմբերի 30-ին, Ադրբեջանը միջազգային հետախուզում էր հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ։