ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայ արտադրողները կկարողանան իրենց ապրանքները վաճառել մի հարթակում, որը Ադրբեջանի ազդեցությանը ենթակա չէ։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով «Бухта Юг» մանրամեծածախ առևտրի կենտրոնի նախագիծը։
Քերոբյանի խոսքով՝ շատ է խոսվում Հայաստանում բիզնես ծավալելու մասին, բայց կարևոր է զարգացնել նաև ենթակառուցվածքները տարբեր երկրներում։ Դրանց միջոցով հայկական ապրանքներն ավելի հեշտ են գտնում իրենց սպառողին։
«Էկոնոմիկայի նախարարությունը ողջունում է «Бухта Юг»-ի բացումը, որտեղ հայկական ապրանքները կարող են ռուսական շուկայում վաճառվել բարենպաստ պայմաններում և առանց ավելորդ քաղաքական ռիսկերի։ Դա 267 հազար քմ տարածք է, որտեղ կարելի է ապրանքները վաճառել թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ կարգով»,-ասել է Քերոբյանը։
Նա նշել է, որ լուրջ խնդիրներ էին առաջանում այդպիսի հարթակների բացակայության պատճառով, քանի որ հայերը ստիպված էին օգտվել ադրբեջանցիներին պատկանող հարթակներից։
Քերոբյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար ամենամեծ արտահանման շուկան է (800 միլիոն դոլար՝ 2021թ․-ին)։
«Այդ երկրում զարգացած ենթակառուցվածք ունենալը առաջնահերթություն է մեզ համար»,-նշել է Քերոբյանը՝ «Տաշիր» ընկերությանը շնորհակալություն հայտնելով այդ հարցում օգնություն ցուցաբերելու համար։
«Տաշիր» ընկերության առաջին փոխնախարար Նարեկ Կարապետյանը նույնպես խոսել է այն խնդիրների մասին, որոնք ծագում էին հայ վաճառողների համար՝ ադրբեջանցիներին պատկանող հարթակներում։
«Այդ դամոկլյան սուրն անընդհատ կախված է մեր գլխին։ Դրա համար էլ ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը որոշում է ընդունել և հանձնարարել է առևտրի գոտի ստեղծել՝ հայ արտադրողի համար առաջնահերթ իրավունքներով»,-ասել է Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իրենք գնել են Մոսկվայի խոշորագույն առևտրային կենտրոններից մեկը, որտեղ պատրաստ են հայ արտահանողներին շահավետ պայմաններ տրամադրել արտադրանքի իրացման համար:
Գյուղմթերքը հնարավոր կլինի վաճառել այդ թվում բեռնատարներից՝ մանրամեծածախ առևտրի կենտրոնի տարածքում։ Նշենք, որ «Бухта-Юг»-ը ցանցի արդեն երրորդ մանրամեծածախ առևտրի կենտրոնը կդառնա։
Նախագծի շնորհանդեսը կազմակերպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Արտադրողների հայկական ասոցիացիան:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզում տեղի ունեցած բախումների ֆոնին Մոսկվայի «Ֆուդ սիթի» մրգերի և բանջարեղենի խոշոր շուկայի ղեկավարությունն արգելել էր Հայաստանից մրգերի ներկրումը: «Ֆուդ Սիթիի» տերերը՝ Գոդ Նիսանովը և Զարահ Իլիևը, խոշոր բիզնեսմեններ են Ադրբեջանից (թեև՝ ոչ ազգությամբ ադրբեջանցիներ)։
Ավելի ուշ հայկական ապրանքներից հրաժարվել էր «Твой дом» խանութների ցանցը, որը պատկանում է ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին: