ՌԱԴԻՈ

Սա նույնն է, որ մեղուները սկսեն մեղրի դեմ պայքարել. Վրթանեսյանը` քննիչ հանձնաժողովի մասին

Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի առաջին նիստին և ընդդիմության` հանձնաժողովի նիստերին մասնակցելուց հրաժարվելուն։
Sputnik
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովից որևէ օբյեկտիվ սպասել հնարավոր չէ։ Ինչպե՞ս կարող են քննել իշխանության սխալներն ու գուցե նաև հանցագործություններն այն մարդիկ, որոնք հենց այդ իշխանությունն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
Նրա կարծիքով` ընդդիմությունն ուղղակի չի ցանկանում լեգիտիմացնել այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները` հասկանալով, որ այն չի կարող լինել օբյեկտիվ, ինչը, երևի թե, տրամաբանական է ընդդիմության տեսանկյունից։

«Սա նույնն է, որ մեղուները սկսեն մեղրի դեմ պայքարել։ Ես չեմ կարծում, որ հնարավոր է որևէ օբյեկտիվ քննություն ներկայիս իշխանությունների պարագայում»,–նշեց Վրթանեսյանը։

Համեմատելով հանձնաժողովի աշխատանքը 2016թ. ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքի հետ, Վրթանեսյանն ասաց, որ այն ժամանակ փորձ էր արվում մեղավորներ նշանակել ԶՈւ նախկին ղեկավարությունից.
«Տվյալ դեպքում ինձ թվում է` նպատակը լինելու է ներկայիս իշխանություններին մեղքերից մաքրելը, փոխարենն ինչ–որ կա՛մ երկրորդական, կա՛մ քաղաքական հակառակորդներից մեղավորներ նշանակելը։ Միանշանակ է, որ որևէ լուրջ աշխատանք` պարզելու ինչ–որ բան, չի լինելու, լինելու է ընդամենը խիստ ոչ օբյեկտիվ քաղաքական գործիք»,–հավելեց Վրթանեսյանը։
Բեմադրություն է, որի նպատակն է փակել պատերազմի էջը. Աբրահամյանը` քննիչ հանձնաժողովի մասին
Ըստ նրա` ընդդիմությունը որևէ լծակ չունի հանձնաժողովի ոչ օբյեկտիվությունը կանխելու, և ընդդիմության ներկայությունը ցանկացած դեպքում հետո ներկայացվելու է այսպես. «Մենք օբյեկտիվ էինք, իսկ ընդդիմությունն էլ դրան դեմ չէր»։
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 14-ին, կայացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները լքեցին հանձնաժողովի նիստը` հայտարարելով, որ չեն կարծում, որ օբյեկտիվ քննություն է լինելու։