«Պարացետամոլի» երկարաժամկետ օգտագործումը հիպերտոնիկ հիվանդների մոտ բարձրացնում է ուղեղի կաթվածի և սրտին հիվանդությունների վտանգը։
Նման եզրահանգման են եկել Էդինբուրգի համալսարանի գիտնականները։ Փորձաքննության արդյունքները հրապարակված ենCirculation ամսագրում։
Փորձագետներն ուսումնասիրություն են իրականացրել, որին մասնակցել են արյան բարձր ճնշմամբ 110 կամավորներ։ Երկու շաբաթվա ընթացքում նրանց մի մասն օրական 4 անգամ «Պարացետամոլ» է ընդունել, իսկ մյուսները՝ պլացեբո։
Նշվում է, որ փորձարկվողների 2/3-ը նաև հիպերտոնիայի դեմ դեղամիջոցներ է խմել: Արդյունքում գիտնականները պարզել են, որ միջին հաշվով հետազոտության մասնակիցների մոտ արյան ճնշումը բարձրացել է։
Փորձագետների կարծիքով՝ «Պարացետամոլի» կանոնավոր ընդունումը կարող է մոտ 20 տոկոսով բարձրացնել սրտի հիվանդությունների կամ ուղեղի կաթվածի վտանգը։
Երբ փորձարկում անցնողները դադարել են ընդունել այս դեղը, նրանց ճնշումը վերադարձել է այն մակարդակին, որ եղել է մինչ ուսումնասիրությունը։
Ավելի վաղ գիտնականները հանգել էին այն եզրակացության, որ որոշ անցանկալի ռեակցիաների առաջացման դեպքում` ամենատարածված և մատչելի ցավազրկողներից մեկի ընդունումը պետք է անհապաղ դադարեցնել:
Այսպես, առաջին հերթին տագնապ պետք է առաջացնի մաշկի դեղնությունը, որն առաջանում է այդ ցավազրկողի ընդունումից հետո։ Այս «ազդանշանը» ցույց է տալիս, որ լյարդի խնդիրները բարդանում են ցավազրկողի ընդունումից հետո։
Բացի այդ, «Պարացետամոլի» ընդունումից կարող է ալերգիկ ռեակցիա լինել` ցանի տեսքով: Միևնույն ժամանակ, մաշկի ցանի պատճառով կարող է քոր առաջանալ, ճաքճքել, այտուցվել կամ կարմրել։