ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստան–Վրաստան սահմանային գոտում կրկին երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Սույն թվականի փետրվարի 14-ին` տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:13-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Լոռու մարզի Սարչապետ, Մեծավան, Նորաշեն գյուղերում` 3 բալ ուժգնությամբ և Տաշիր քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին ժամը 22:25-ին նույնպես Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, 5.2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել էր Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: