ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով գեղասահորդների պարգևատրման արարողության չեղարկմանը, հայտնել է, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները լուրջ աշխատանք են կատարում: ՌԻԱ Նովոստին մեջբերում է նրա խոսքերը։
«Ես դա չեմ մեկնաբանի, դուք հասկանում եք, որ խոսքը իրավաբանների ու Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչների հետ լուրջ աշխատանքի մասին է WADA-ի հետ։ Այդ աշխատանքը շարունակվում է, եկեք մեկնաբանություններով չխանգարենք դրան», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը որոշում է կայացրել չեղարկել գեղասահքի թիմային մրցաշարի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը Պեկինում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ՝ ռուսաստանցի Կամիլա Վալիևայի գործով Սպորտային Արբիտրաժային դատարանի (CAS) որոշումից հետո: