ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) չի բավարարել ՄՕԿ-ի, ISU-ի ու WADA-ի բողոքները, ու Կամիլա Վալիևան կարող է ելույթ ունենալ Պեկինի օլիմպիական խաղերի անհատական մրցաշարում։
Մարզական արբիտրաժային դատարանի հատուկ կոլեգիայի նիստը սկսվել է Պեկինի ժամանակով ժամը 20.34-ին ու ավարտվել ժամը 02.10-ին։
Լսումներն անցկացվել են տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ներկա են եղել հետևյալ կողմերն ու նրանց ներկայացուցիչները. Միջազգային օլիմպիական կոմիտեն(IOC), Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը(VADA), Չմշկավազորդների միջազգային միությունը(ISU), ռուսական հակադոպինգային գործակալությունը(РУСАДА), Կամիլա Վալիևան, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն(ОКР):
Վալիևան դրական արդյունքով դոպինգ-թեստ էր հանձնել Ռուսաստանի առաջնության ժամանակ, որն անցկացվել էր դեկտեմբերի վերջին: Ընդ որում, նա արդեն հաջողությամբ հանդես է եկել թիմային մրցաշարում, որտեղ Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել։
Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունն (ITA) ավելի վաղ հաղորդել է, որ միայնակ չմշկորդուհի Վալիևայի թեստի պատասխանը դրական է եղել տրիմետազիդինի համար 2021 թվականի դեկտեմբերի 25-ին: РУСАДА-ն ժամանակավոր կասեցում էր սահմանել Վալիևայի հանդեպ, փետրվարի 9-ին մարզիկի բողոքարկումից հետո այն հանվել էր։