ՅՈւՆԵՍԿՕ–ում ընդգրկված ՀՀ 3 տեսարժան վայրից մեկն արդեն Google Arts and Culture–ում է

«Զվարթնոց» տաճար
Օրերս հարթակում կտեղադրվեն նաև մյուս երկու մշակութային արժեքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հայաստանի 3 մշակութային արժեքից մեկն արդեն ցուցադրվում է հայտնի Google Arts and Culture հարթակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մշակութային այդ արժեքը Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճար–հնավայրն են միասին վերցրած։

Հարթակում այն տեղադրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և UNESCO World Heritage Review-ի համագործակցության արդյունքում։
Google Arts and Culture–ում նկարների և տեքստերի միջոցով պատմվում է պատմամշակութային այս կոթողների մասին։
Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված ևս երկու մշակութային արժեք` Սանահինի և Հաղպատի եկեղեցիները, ինչպես նաև Գեղարդի եկեղեցին ու Ազատ գետի վերին հատվածը հարթակում կցուցադրվեն շատ շուտով։