ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Երեկ տեղի ունեցած երկրաշարժից հետո Գյումրու շտապօգնության կայանի զանգերի թիվն աճել է։ Կայանի տնօրենն այդ մասին հայտնել է մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Տեղեկությունը հրապարակվել է մարզպետարանի Facbook–յան էջում։
Զանգերի աճը հիմնականում պայմանավորված է եղել մարդկանց սթրեսային վիճակով և վախով։ Ժամը 22։25-ից մինչև ժամը 01։00 արձանագրվել է 28 կանչ։
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի և ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցի ղեկավարները փաստել են` փլուզումների և վնասների մասին ահազանգեր չեն արձանագրվել։ Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 13-ին` ժամը 22:25-ին, գրանցել է Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը 4-5 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում, 3 բալ ուժգնությամբ` Երևանում։