ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել առողջապահական մի շարք ծառայություններ` դրանք բնակիչների համար ավելի հասանելի դարձնելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Քաղաքապետարանը ծառայությունները ձեռք է բերել 2022 թվականի համայնքային բյուջեով, դրանք են`
կոմպյուտերային տոմոգրաֆիայի (КТ),
մամոգրաֆիայի ծառայություններ,
ախտորոշիչ կորոնարոգրաֆիայի ծառայություն (որն իր մեջ ներառում է կորոնարոգրոֆիկ հետազոտություն, էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), էխոսրտագրություն):
Բժշկական այս ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ ներկայացնել դիմում, տարածքային պոլիկլինիկայի կողմից տրամադրված ամբուլատոր-քարտից քաղվածք կամ բժշկի կողմից տրված եզրակացություն, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի պատճեն:
Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականի համար նախատեսվում է ձեռք բերել նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն։
Քաղաքապետարանից հայտնում են, որ տվյալ ծառայությունները քվոտավորված են և տրամադրվելու են եռամսյակային համամասնությամբ: