Դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Դատավոր Արմեն Դանիելյանը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կողմից Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանների միջնորդության հիման վրա Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
Նա հավելեց, որ այս պահին օրենքով սահմանված կարգով հավելյալ տեղեկություն տալու իրավունք չունի։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։ Դատավորն անգամ չէր ծանուցել պաշտպանական կողմին և կալանավորման որոշում կայացրել՝ առանց մեղադրյալին և պաշտպաններին լսելու։

Երբ ՍԴ-ն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ, Սարգսյանն ազատ էր արձակվել։
Արթուր Սարգսյանի փաստաբանները դեռևս նոյեմբեր ամսին՝ դատավոր Դանիելյանի կայացրած որոշումից անմիջապես հետո, հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու համար, ինչպես նաև դիմել են ՀՀ արդարադատության նախարարությանը և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պահանջելով հարուցել կարգապահական վարույթ։
«Միակ մարդը, որն իմ դեմ ցուցմունք է տվել, նշանակվել է բարձր պաշտոնի». Արթուր Սարգսյան