Բեմադրություն է, որի նպատակն է փակել պատերազմի էջը. Աբրահամյանը` քննիչ հանձնաժողովի մասին

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ քննիչ հանձնաժողովը նախապես մեղավորներ և պատասխանատուներ ունի 44-օրյա պատերազմի պարտության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, չմասնակցելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, կգտնեն ձևաչափերը, թե ինչպես պետք է վերահսկեն հանձնաժողովի աշխատանքները։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վստահեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստն էր։ Ընդդիմադիրները հայտարարեցին, որ կասկածում են ներկայիս իշխանության օրոք նման հանձնաժողովի օբյեկտիվությանը և լքեցին նիստը։
Աբրահամյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե քննիչ հանձնաժողովի միջոցով հնարավոր է լինելու բացահայտել 44-օրյա պատերազմի մանրամասները, իսկ ընդդիմությունը շահագրգռված չէ։

«Բոլորի համար ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի գլխավոր մեղավորն իշխանությունն է, և եթե նույն իշխանության ներկայացուցիչների գլխավորությամբ հանձնաժողով է ձևավորվել, ինչպե՞ս կարող է օբյեկտիվության մասին խոսք լինել։ Սա ուղղակի բեմադրություն է, որի նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը` նախապես նշանակելով մեղավորների և պատասխանատուների»,-ասաց Աբրահամյանը։

Նիկոլ Փաշինյանը կանչվելու է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով. Քոչարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյան էլ իր հերթին ասաց` ամենաշատն ինքն է ուզում, որ պատերազմի բոլոր հանգամանքները պարզվեն։ «Ես Անդրանիկ Քոչարյանին ասել եմ, որ իմ կյանքի հիմնական նպատակն է բացահայտել բոլոր հանգամանքները։ Սակայն մեթոդները, որոնք կիրառում են հանձնաժողովի ընթացքում, արդյունավետ չեն»,–ասաց Նազարյանը։
Նա հայտնեց, որ խոսել է որդեկորույս ծնողների հետ, որոնց մի մասը կտրուկ ասում է, թե չի կարելի ընդհանրապես մասնակցել, իսկ մյուսներն էլ խնդրել են միջնորդել, որ իրենք մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին։ Նազարյանը հավելեց` եթե ծնողները միջնորդեն, որ պետք է նիստերից որևէ մեկին մասնակցի, ինքը պարտավոր է լինելու դա անել։
Պատերազմում պարտության քաղաքական և ռազմական պատճառները. Քոչարյանը հայտնեց` ինչը կքննեն