ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Այսօր Վրաստանի հետ սահմանակից Բավրայի մոտ գրանցված երկրաշարժից 3 ժամ էլ չանցած` կրկին երկրաշարժ է եղել նույն շրջանում։ Տեղեկությունը հայտբնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 14-ին` տեղական ժամանակով ժամը 21:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:03-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար և Սարագյուղ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք` այսօր` տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:13-ին), Բավրայից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ էր եղել, որըզգացվել էր նաև Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Լոռու մարզի Սարչապետ, Մեծավան, Նորաշեն գյուղերում` 3 բալ ուժգնությամբ և Տաշիր քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:
Փետրվարի 13-ին ժամը 22:25-ին նույնպես Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, 5.2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել էր Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: