ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում մեծածավալ ծրագրեր են իրականացվում, որոնք ընդգրկում են ինչպես բնակարանաշինության ոլորտը, այնպես էլ ճանապարհաշինական տարբեր նախագծեր։ Արցախի քաղաքաշինության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում իրականացվող աշխատանքները
Նշվում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել են հանրապետության տարածքում մի շարք ակտիվ շինհարթակներ և տեղում ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։
Նախ նրանք այցելել են Ասկերանի շրջան, հետևել Հովսեփավան և Իվանյան համայնքների երեք նոր թաղամասերի կառուցման աշխատանքներին։ Այնուհետև շրջայց են կատարել մայրաքաղաքի տարբեր շինհրապարակներում (Առաքելյան, Տիգրան Մեծ, Թումանյան 82 փողոցների բազմաբնակարան շենքեր և Աջափնյակի ու Թումանյան փողոցի նոր թաղամասեր)։
Այց է կատարվել նաև Մարտակերտի շրջան՝ Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ կառուցվող նոր ավտոճանապարհի շինարարական տեղամաս, իսկ Ասկերանի շրջանում՝ մայրուղուց դեպի Աստղաշեն բարեկարգվող ավտոճանապարհի հատված։ Շինարարական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղում քննարկում է եղել, որը վերաբերվել է աշխատանքների ընթացքին և ավարտման ժամկետներին։