Արցախի խնդիր, սահմանային իրավիճակ, ԵՄ օժանդակություն. Փաշինյանն ընդունել է Կլաարին

Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման խնդիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում:
Սա մշակութային ցեղասպանություն է. Բաբայանը` Ադրբեջանի վարած քաղաքականության մասին
«Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման աշխատանքներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, առանձնակի կարևորվել է Սյունիքի մարզում 80 մլն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչումը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ:
Տեղեկացվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների, ինչպես նաև փետրվարի 4-ին տեղի ունեցած քառակողմ տեսակոնֆերանսի արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական կողմից հնչեցվող սպառնալից հայտարարություններն ու արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը:

Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին ընդունել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։