ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն, լեգենդար Կատարինա Վիթն սատարել է ռուսաստանցի Կամիլա Վալիևային։ Այս մասին գրում է Guardian պարբերականը։
«Կամիլան իր քառակի թռիչքները սովորել է անվերջ ջանասիրությամբ և քաջությամբ։ Ոչ մի դոպինգ չէր օգնի նրան նման բանի հասնել», – ասել է Կատարինա Վիթը։
Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունն(ITA) ավելի վաղ հաղորդել էր, որ միայնակ չմշկորդուհի Վալիևայի 2021 թվականի դեկտեմբերի 25-ին թեստի պատասխանը դրական է եղել տրիմետազիդինի նկատմամբ: RUSADA-ն (Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը) ժամանակավոր կասեցում էր սահմանել Վալիևայի հանդեպ, փետրվարի 9-ին մարզիկի բողոքարկումից հետո այն չեղարկվել էր։ Կամիլա Վալիևային թույլ էին տվել շարունակել մասնակցել Պեկինի օլիմպիական խաղերին։
Կարճ ծրագիրը կանանց անհատական մրցումներում մասնակիցները կիրականացնեն փետրվարի 15-ին։ Վալիևան վիճակահանության արդյունքով 26-րդն է ելույթ ունենալու։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), WADA-ն և Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) բողոք են ներկայացրել Մարզական արբիտրաժային դատարան (CAS), որը պետք է որոշի` արդյոք Վալիևան կարող է մասնակցել Պեկինի օլիմպիական խաղերի անհատական մրցաշարին։