Մի՞թե նրանց կարիքը մեր ֆուտբոլում չկա. ինչո՞ւ են հայ անվանի մարզիչներն անգործ

Վարդան Մինասյան. Արխիվային լուսանկար
Ֆուտբոլում գլխավոր մարզչի աշխատանքն անշնորհակալ գործ է։ Իտալացիներն ասում են. «Հաղթում է թիմը, պարտվում է մարզիչը»։ Հայկական ֆուտբոլում վերը նշվածին գումարվում են նաև անհասկանալի որոշումները, որոնց պատճառով հաճախ աշխատանքից հեռանում են փորձառու և հայտնի մարզիչները։
Sputnik
Վարդան Մինասյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը, Աբրահամ Խաշմանյանը և Վարդան Բիչախչյանը ֆուտբոլում գործող հայտնի մարզիչներ են։ Բայց տարբեր պատճառներով բոլորն էլ ներկայումս աշխատանք չունեն։
Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջնության վերսկսումը սարերի հետևում չէ։ Փետրվարի 19-ին արդեն կկայանան առաջնության գարնանային հատվածի առաջին տուրի հանդիպումները։ Հայկական ակումբները, նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին, իրականացնում են տրանսֆերներ։
Բայց ձմեռային ընդմիջման ֆուտբոլային նորությունները սկսվեցին մարզչական հրաժարականով։ Վարդան Բիչախչյանը հրաժարական տվեց «Արարատում» զբաղեցրած իր պաշտոնից։ Չենք ուզում ևս մեկ անգամ խոսել պատճառների մասին։ Մեկ նախադասությամբ՝ «Արարատի» ղեկավարներին երբեք չի հետաքրքրել ակումբի առաջընթացը։ Բիչախչյանի հեռանալուց հետո լրացվեց այն հայ փորձառու մարզիչների շարքը, որոնք այս պահին աշխատանք չունեն։
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը` ֆուտբոլի ՀՊԼ-ի 13-րդ տուրում «Սևանի» հետ հանդիպումից առաջ (7 նոյեմբերի, 2021թ)․ Երևան. Արխիվային լուսանկար
Արմեն Գյուլբուդաղյանց, Վարդան Մինասյան, Աբրահամ Խաշմանյան, հիմա էլ Վարդան Բիչախչյան։ Այս անունները հայ ֆուտբոլասերին, և ոչ միայն նրանց, շատ լավ հայտնի են։ Սակայն 2022 թվականը մեր անվանի մարզիչները սկսում են ոչ աշխատանքային մթնոլորտում։ Մի՞թե նրանց կարիքը մեր ֆուտբոլում չկա։ Մի՞թե նրանք իրենց սպառել են և չեն կարող այլևս օգտակար լինել մեր ֆուտբոլին։ Միանշանակ` ոչ։

Ղազախստանից վերադառնալուց հետո Վարդան Մինասյանն առայժմ բանակցում է մի քանի ակումբների հետ։ Ըստ լուրերի` հայկական ակումբ էլ եղել է, որ նրան աշխատանքային առաջարկ է արել, բայց Մինասյանը հրաժարվել է։ Հայ ամենահաջողակ մարզիչը հնարավոր է` ուզում է աշխատել արտասահմանում, քանի որ Հայաստանում նա բոլոր տիտղոսներին ու նվաճումներին հասել է ոչ մեկ անգամ։ Սակայն, միևնույնն է, Մինասյանը կարող է նպաստել հայ ֆուտբոլիստների զարգացմանն ու աճին։ Ինչպես ասում են` պետք է այնպիսի առաջարկ անել, որ նա չհրաժարվի։

Վարդան Մինասյանը Ղազախստանում էլ ապացուցեց, որ տեղի ֆուտբոլիստներով համալրված թիմով կարող է հավասար պայքար մղել յուրաքանչյուր խաղում։ Նա ունի ֆուտբոլային իր փիլիսոփայությունը, խաղային ձեռագիրը, մոտիվացնելու յուրահատուկ ունակությունը։ Հավաքականի հարցում Մինասյանի համար ամենակարևոր մոտիվացիան հայրենասիրությունն է, քանի որ ազգային թիմում խաղում են լավագույնները` առանց պայմանագրի, այլ հրավերով։ Եվ վերջապես արտասահմանցի բազմաթիվ մարզիչների հետ աշխատանքում ձեռք բերած փորձը միշտ էլ խոսում է Մինասյանի առավելությունների մասին։
Վարդան Մինասյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Արմեն Գյուլբուդաղյանցը հայկական ֆուտբոլում նույնպես թողել է իր հետքը։ Ֆուտբոլին ֆանատիկորեն նվիրված այս անձնավորությունն իր ֆուտբոլիստների հետ հարաբերություններում ոչ միայն մարզիչ է, այլև ընկեր, եղբայր, ծնող։ Ազգային հավաքականում դեռևս խաղում են ֆուտբոլիստներ, որոնց կրթել ու ֆուտբոլային որակների զարգացում է ապահովել հենց Գյուլբուդաղյանցը` իր գիտելիքներով ու տքնաջան աշխատանքով։
Գյուլբուդաղյանցը շատ հանգիստ էր տանում հաղթանակը ու շատ ծանր` պարտությունը։ Երկու դեպքում էլ մարզիչը միշտ հետևություններ էր անում ու շարունակում աշխատել նույն ուղղությամբ՝ թիմային խաղի բարելավում։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարվելուց հետո (Հավաքականը մարզել է 2018–19թթ) Գյուլբուդաղյանցն առայժմ մարզչական աշխատանքով չի զբաղվում։
Արմեն Գյուլբուդաղյանց. Արխիվային լուսանկար
Աբրահամ Խաշմանյանի մարզած թիմերը միշտ էլ մրցունակ են եղել ու ձգտել բարձր արդյունքների ու նվաճումների։ Ճիշտ է, ոմանց Խաշմանյանի մարզչական ձեռագիրը դուր չի գալիս, քանի որ նրա ղեկավարած թիմերը շատ պրագմատիկ ֆուտբոլ են ցուցադրում։ Ոմանք նրա մարտավարությունն անվանում են «ավտոբուս»` հաշվի առնելով պաշտպանությունում մեծ թվով ֆուտբոլիստների առկայությունը։ Բայց ֆուտբոլում շատ հաճախ կարևորը ոչ թե մարտավարությունն է, այլ արդյունքը։ Իսկ արդյունքներով Խաշմանյանն արդեն Հայաստանում նվաճել է բոլոր խաղարկվող մրցանակները։
Աբրահամ Խաշմանյան. Արխիվային լուսանկար
Վարդան Բիչախչյանի ղեկավարած թիմերը միշտ էլ աչքի են ընկել թիմային խաղով։ Ճիշտ է, տարբեր խաղային դիրքերում մարզիչը շատ հմտորեն կարողացել է օգտագործել որպես հաղթաթուղթ հանդիսացող առանձին ֆուտբոլիստների, բայց դա չէ Բիչախչյանի միակ առավելությունը։ Առայժմ ոչ մի ֆուտբոլիստ կամ ֆուտբոլային գործիչ չի բողոքել Բիչախչյանի հետ աշխատելուց։ Այսինքն` բացի ֆուտբոլային գիտելիքներից Բիչախչյանը նաև շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ստեղծում ոչ միայն թիմում, այլ նաև այն ակումբում, որտեղ աշխատում է։ «Շիրակի» և «Արարատի» խաղն ու արդյունքները Հայաստանում միշտ էլ առաջատարների հետ համեմատելու են եղել, և դա ոչ միայն ֆուտբոլիստների, այլ Բիչախչյան մարզչի աշխատանքի արդյունքն է։
2021/22 մրցաշրջանի աշնանային հատվածում փոքր անհաջողություններից հետո «Արարատը» նորից սկսեց վերելք ապրել, ու «Փյունիկի» նկատմամբ 6։2 հաշվով հաղթանակը դրա վառ ապացույցն է։ Բայց «Արարատի» ղեկավարների ոչ ֆուտբոլային ֆենոմենն այլընտրանք չթողեց Բիչախչյանին։ Նա հեռացավ թիմից, հիմա որոշել է հանգստանալ, հետո նոր մտածել աշխատանքի մասին։
Հուսով ենք, որ հայ հայտնի ու փորձառու մարզիչների աշխատանքի մասին կմտածեն նաև գործատուները։ Իսկ նման մարզիչներին աշխատանք կարող է առաջարկել այն թիմի ղեկավարությունը, որն ուզում է առաջխաղացում ունենալ։ Վերը նշված մարզիչների հետ առաջխաղացում վաղ թե ուշ կլինի։
Չկրկնված գոլ. ինչպես Սամվել Պետրոսյանը գնդակը «թռցրեց» անգլիացի դարպասապահի ձեռքից