«Խնդիրը դա չէ»․ Գենադի Զյուգանովը խոսել է իր առողջական վիճակի մասին

Գենադի Զյուգանով. Արխիվային լուսանկար
Գենադի Զյուգանովը հոսպիտալացվել է փետրվարի 11-ին։ Նա անցել է պահանջվող թեստերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, որն օրերս հոսպիտալացվել է, իրեն լավ է զգում, սակայն երկուշաբթի օրը չի կարող գնալ Պետդումա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է քաղաքական գործիչը։
«Ընդհանուր առմամբ նորմալ եմ»,- ասել է ՌԴ Կոմունիստական կուսակցության նախագահը հարցին, թե ինչպես է իրեն զգում։

Պատասխանելով հարցին, թե երկուշաբթի օրը ներկա կգտնվի՞ Պետդումայի խորհրդի կողմից ինքնահռչակ ԴԺՀ-ի (Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետություն) և ԼԺՀ-ի (Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետություն) ճանաչման նախագծի քննարկմանը, քաղաքական գործիչն ասաց, որ դա չէ խնդիրը, քանի որ արդեն քննարկել է այս հարցը այն ղեկավարների հետ, ովքեր կհայտնեին խմբակցության դիրքորոշումը։

«Վաղը հանդիպմանը կլինեն Մելնիկովը, Կոլոմեյցևը, Կալաշնիկովը. նրանք մանրամասն կհայտնեն մեր կուսակցության տեսակետը»,- նշել է նա և հավելել, որ ինքն արդեն քննարկել է այդ հարցը ղեկավարների, այդ թվում՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։
Ավելի վաղ ՌԴ Կոմունիստական կուսակցության Պետդումայի պատգամավորները Ռուսաստանի նախագահին ուղղված Դումայի դիմումի նախագծում խնդրել էին Վլադիմիր Պուտինին դիտարկել ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն որպես անկախ պետություններ ճանաչելու հարցը:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Գենադի Զյուգանովը հոսպիտալացվել էր։ Զեկուցվել է, որ 2-3-օրյա պրոֆիլակտիկայի շրջանակներում նա անցել է անհրաժեշտ հետազոտություններ։