Ջո Բայդենն ու Վլադիմիր Զելենսկին 1 ժամ խոսել են հեռախոսով

Հայտնի է, թե ինչ են քննարկել ԱՄՆ–ի և Ուկրաինայի ղեկավարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հեռախոսազրույցը տևել է գրեթե մեկ ժամ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում քննարկել է անվտանգության հետ կապված ընթացիկ իրավիճակը, տնտեսության հարցերը, պատժամիջոցները ու ՌԴ-ի կողմից ենթադրյալ ագրեսիան:

«Նախագահ Բայդենը հաստատել է նախագահ Զելենսկուն ԱՄՆ - ի հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության վերաբերյալ։ Ղեկավարները համաձայնել են, որ պետք է շարունակեն դիվանագիտական ջանքերը և զսպման քաղաքականությունը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանների մոտ ռազմական ուժերի ավելացման», - ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Արևմուտքը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու ենթադրյալ ծրագրերի մեջ։ Մոսկվան կտրականապես հերքում է դա և անընդհատ ասում է, որ ոչ ոքի չի սպառնում, և բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը որևէ պատրվակ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի համար։ Նրա խոսքով` Ռուսաստանը չի բացառում, որ Ուկրաինայի շուրջ տիրող հիստերիան ուղղված է Դոնբասի վերաբերյալ մինսկյան համաձայնագրերը սաբոտաժի ենթարկելուն։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տեղեկատվական տարափն առատաձեռնորեն շրջանակված է ստերով և կեղծիքներով։
Ռուսաստանը կավելացնի ՀԱՊԿ-ի ներուժը դաշնակիցների անվտանգության համար