Եթե այդքան չպայքարեի, հնարավոր է` մեծ դժվարությամբ հետո հետ բերեին «Արցախը». Արա Գևորգյան

Արա Գևորգյան. Արխիվային լուսանկար
Հայտնի երգահան և երաժշտական պրոդյուսեր Արա Գևորգյանը Sputnik Արմենիային պատմել է «Արցախ» կոմպոզիցիայի համար Ադրբեջանի դեմ տարվող անվերջ պայքարի, մշակութային ոլորտում մեր բացթողումների և հասարակության մոտ ճիշտ երաժշտական ճաշակ ձևավորելու ճանապարհների մասին։
Sputnik
«Արցախ» երաժշտական կոմպոզիցիայի հեղինակային իրավունքի համար ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը 2007 թվականից պայքարում է Ադրբեջանի դեմ: Նա ինքն այս գործընթացն անվանում է պայքար մարդկանց տգիտության դեմ։

Սա իմ պայքարն է Ադրբեջանի դեմ

1998 թվականին հայ կոմպոզիտորն իր ստեղծած երաժշտության հեղինակային իրավունքները գրանցել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հեղինակային իրավունքի բյուրոյում (United States Copyright Office) ։ Այնտեղ է պահվում նաև ստեղծագործության ձայնագրությունը։
Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ փորձում է Արա Գևորգյանի ստեղծագործությունը վերագրել խորհրդային կոմպոզիտոր Ֆիքրեթ Ամիրովին։

«Այդ կոմպոզիտորն արդեն մոտ 40 տարի է ողջ չէ, իսկ նրա որդին բազմիցս հայտարարել է, որ իր հայրն այդ երաժշտության հետ կապ չունի, մեզ հանգիստ թողեք»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Արա Գևորգյանը։

Այնուամենայնիվ, այդ երկրում ոմանք պնդում են, թե Ամիրովը գրել է այդ կոմպոզիցիան, երբ Գևորգյանը դեռ չէր էլ ծնվել։ «Լավ, համաձայն եմ, ես էլ ասում եմ՝ ցույց տվեք աղբյուրը, որտե՞ղ է հնչել, որ ես լսել և վերցրել եմ 98 թվականից առաջ։ Ինչո՞ւ 98-ից առաջ, որովհետև այդ ժամանակից ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հեղինակային իրավունքի բյուրոյում (United States Copyright Office) պահվում է իմ հեղինակային իրավունքը` «Արցախ» ստեղծագործության ձայնագրության հետ միասին», - ասում է երաժիշտը:
Գևորգյանը նկատում է, որ ադրբեջանցիներն իրենց պաշտոնական միջոցառումներին օգտագործում են իր երաժշտությունն իր իսկ կատարմամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որտեղ դուդուկի պարտիան նվագում է Ջիվան Գասպարյանը, դհոլ՝ Նորայր Շառոյանը, Գագիկ Թորոյանը՝ բաս-կիթառ, Կարո Սարաֆյանը՝ սոլո-կիթառ։ Այդ ձայնագրությունն ադրբեջանցիներն օգտագործում են անգամ Բաքվում անցկացվող Եվրոպական օլիմպիական խաղերի գովազդային հոլովակներում, ՈւՀԱ- ի՝ նախագահի Գավաթի եզրափակչի ժամանակ, ադրբեջանական բանակի, գորգերի, Բաքվի մասին պատմող ֆիլմերում։
Արա Գևորգյանի նախաձեռնությամբ նկարահանվել է «Story about Artsakh music» ֆիլմը, որում պատմվում է «Արցախ» ստեղծագործության ստեղծման ողջ պատմությունը: Ընդ որում` ֆիլմը թարգմանվել է ոչ միայն ռուսերեն, այլև ադրբեջաներեն։
Հարցին, թե կարելի՞ է ասել, որ պատմությունն ավարտվել է մեր օգտին, Գևորգյանը պատասխանում է. «Կարծում եմ՝ այո։ Ֆիլմում ես բերում եմ բոլոր փաստերը, որոնք ադրբեջանցիները պետք է տեսնեն և ամաչեն։ Ամբողջ աշխարհում «Արցախի» հեղինակը հայտարարվում է Արա Գևորգյան և միայն Ադրբեջանում ՝ Ֆիքրետ Ամիրով»։
Ընդ որում, կոմպոզիտորը նշում է, որ նման դեպքերում պայքարը պարտադիր է։ Նա օրինակ է բերում «Սարի աղջիկ» երգը, երբ և՛ պարսիկները, և՛ թուրքերը ընդունում են, որ այն հայկական է, միայն ադրբեջանցիներն ասում են ՝ ադրբեջանական է։
«Դա գալիս է նրանից, որ մենք չենք պայքարում այդ երևույթի դեմ...Վստահ եմ, որ եթե ես այդքան չպայքարեի, 50 տարի անց իմ երեխաները, հնարավոր է` մեծ դժվարությամբ հետ բերեին «Արցախը», չէ որ Ադրբեջանում այն ավելի հաճախ են օգտագործում, քան Հայաստանում», - հավելում է նա։

«Արցախը» շատ «խերով» է

Արա Գևորգյանի խոսքով` «Արցախ» ստեղծագործությունն ունի հաջողություն բերելու զարմանալի ունակություն։ Այս երաժշտության ներքո հանդես եկող մարզիկներն անպայման նվաճում են առաջին տեղերը։ Դա և՛ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն է, և՛ խառը մենամարտերի` Հոլանդիան ներկայացնող մեր հայրենակից Գեղարդ Մուսասին, և՛ կանադացի մարմնամարզուհի Վիկտորիա Մուրսը։

Հայրենիքի մասին

Ի՞նչ է ձեզ համար Արցախը հարցին, Արա Գևորգյանը պատասխանում է. «Ոչ միայն ինձ համար, այլև բոլորիս համար՝ Արցախը մեր հայրենիքի մի մասն է։ Դա ես չեմ ասում, դուք չեք ասում, դրա մասին է վկայում պատմությունը, մեր պատմամշակութային հուշարձանները, գերեզմանները... ինչպես նաև պատմության վերաբերյալ դասագրքերը, այն էլ՝ միջազգային»։

Մշակույթի, քաղաքականության և ԶԼՄ-ների մասին

Կոմպոզիտորի կարծիքով՝ Հայաստանում ԶԼՄ-ները չափազանց քաղաքականացված են և պատշաճ ուշադրություն չեն դարձնում մշակութային խնդիրներին։
«Թող քաղաքական գործիչները խոսեն քաղաքականության մասին, իսկ արվեստագետները՝ արվեստի։ Իմ տեղեկություններով ՝ Հայաստանում այսօր մնացել է միայն մեկ մարդ, ով կարողանում է թառ պատրաստել (լարային երաժշտական գործիք – խմբ.)՝ վարպետ Ալբերտ Զաքարյանը, որը 75 տարեկան է։ Աշակերտ չունի, բայց այդ մասին ոչ ոք չի խոսում։ Շատ քիչ են նաև սանթուր և քամանչա նվագողները», - մտահոգվում է Գևորգյանը։
Երաժիշտը կարծում է, որ շատ երաժշտական գործիքներ չեն հանրահռչակվում, և եթե այդպես շարունակվի, դրանցից շատերը պարզապես կանհետանան: Այդ կապակցությամբ նա հիշեց բաս-կանոնի նոր ազգային գործիքը, որով բացի իրենից ոչ ոք չի զբաղվում։ Լուրջ խնդիր է նաև այն, որ մեր սիմֆոնիկ նվագախմբի գալարափող նվագող երաժիշտն այսօր հրավիրված է Իտալիայից, քանի որ դարձյալ գալարափող գործիքը պատշաճ կերպով չի ներկայացվում։

Ռազմական նվագախմբերի և ռաբիսի մասին

Արա Գևորգյանը խոստովանեց, որ կցանկանար, որ հայկական բանակում ավելի շատ ռազմական նվագախմբեր լինեին, մինչդեռ ներկայում, կադրերի պակասի պատճառով ոչ բոլոր զորամասերում կա նվագախումբ։ Նա համոզված է, որ ռաբիս` արևելյան լադերով երաժշտությունն այդքան մեծ ժողովրդականություն չէր ունենա Հայաստանում, եթե ավելի շատ քարոզվեր բարձրարժեք, որակյալ երաժշտությունը՝ ազգայինը, դասականը։
Բրեժնևը՝ դիմացս, Դեմիրճյանը՝ կողքս. Չեքիջյանը` պատգամավորության տարիների և թուրքերի մասին