ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանում այսօր 22։25–ի մոտակայքում բավական ուժեղ երկրաշարժ գրանցվեց։ Քաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակի մոտակայքում ուժեղ ու տևական ցնցումներ զգացվեցին։
Սոցցանցերի օգտատերերը ևս հայտնում են, որ զգացել են ուժեղ ցնցումներ, հատկապես Ավանի և Նոր նորքի տարածքում։
Գյումրիում նույնպես ուժեղ ցնցումներ են գրանցվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ցնցումներից հետո, որոնք հավանաբար 5 բալ կլինեին, Գյումրիի որոշ թաղամասերում հոսանքազրկումներ են եղել։ Մարդիկ վախից դուրս են եկել շենքերից։
Վանաձորի մեր աղբյուրը հայտնում է, որ ցնցումներ զգացվել են նաև Վանաձոր քաղաքում։ Մարդիկ, կրկին անվտանգության նկատառումներից ելնելով, տներից դուրս են եկել փողոց։
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վրաստանի հարավում՝ Սամեբա գյուղում։ Էպիկենտրոնում գրանցվել է 5.3 բալ ուժգնությամբ ցնցում։
Նշենք, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գյումրիից 43 կմ հյուսիս–արևելք։
Sputnik Գրուզիան էլ հայտնում է, որ Թբիլիսիում նույնպես ուժեղ են զգացվել ցնցումները, էպիկենտրոնը մայրաքաղաքից ընդամենը 53 կմ է հեռու։
Նշենք, որ նախորդ տարի փետրվարի 5-ին և 13-ին Հայաստանում կրկին երկրաշարժեր էին գրանցվել։