Զգուշանում ենք, որ չվնասենք. Տուտբերիձեն 1–ին անգամ խոսել է Վալիևայի հետ կապված սկանդալից

Մարզական արբիտրաժային դատարանը կսկսի քննել ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի գործը փետրվարի 13-ին։ Մրցավարներ են նշանակվել ԱՄՆ-ի, Իտալիայի ու Սլովենիայի ներկայացուցիչները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Գեղասահքի Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեն առաջին անգամ մեկնաբանել է ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի հետ կապված սկանդալը:
«Շատ հակասական ու բարդ իրավիճակ է ստեղծվել։ Ուզում եմ ասել` բացարձակապես վստահ եմ, որ Կամիլան անմեղ ու մաքուր է: Մեզ համար դա աքսիոմա է, դա պետք չէ ապացուցել։ Հասկանում եմ, որ կա ինչ-որ գործողությունների արձանագրություն, առանց որի հնարավոր չէ։ Մենք մարզուհուն ոչ մի դեպքում չենք լքել, մենք մեր մարզիկների հետ ենք և՛ դժվարության մեջ, և՛ ուրախության պահին` մինչև վերջ», –ասել է Տուտբերիձեն ռուսական հեռուստաալիքներին։
Հարվածում են ամենափոքրին ու տաղանդավորին. ո՞վ է փորձում վատություն անել Վալիևային
Մարզիչը նաև կասկածելի է համարել, որ գեղասահորդուհուն թույլ են տվել մասնակցել մրցումներին՝ հաշվի առնելով, որ դեկտեմբերի 25-ի թեստի արդյունքը հարցեր է առաջացրել: Նա ենթադրում է, որ դա կարող էր նախապես ծրագրված լինել։

«Կամ դա հանգամանքների ճակատագրական զուգադիպություն է, կամ շատ գրագետ ծրագիր է։ Չգիտեմ։ Հուսով եմ, որ մեր ղեկավարները մեզ չեն թողնի, կպաշտպանեն մեր իրավունքներն ու կապացուցեն մեր անմեղությունը», — ասել է նա։

Տուտբերիձեն ավելացրել է, որ ամբողջ թիմը սպասում է Վալիևայի մասին որոշմանը, ու հույս է հայտնել, որ այն արդարացի կլինի:
«Մենք զգուշանում ենք ցանկացած արտահայտությունից, որ չվնասենք։ Չգիտեմ՝ ով ինչ է որոշում, բայց մենք հույս ունենք, որ արդարությունը կհաղթի», - ասել է նա։
Ռուսական հակադոպինգային գործակալությունը (ՌՈւՍԱԴԱ) փետրվարի 8-ին ավտոմատ կերպով ժամանակավոր հեռացրել է Վալիևային: Հաջորդ օրը ՌՈւՍԱԴԱ–ի կարգապահական կոմիտեն չեղյալ է հայտարարել այդ որոշումը։ Սակայն Վալիևայի դոպինգ թեստի պատճառով թիմային փուլի համար ռուս գեղասահորդների պարգևատրման արարողությունը հետաձգվել է։
«Վախենում եմ»․ Հարությունյանը խոսել է Չենի հաղթանակի և Վալիևայի հետ կապված սկանդալի մասին
Փետրվարի 11-ին դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունը (ITA) հայտնել էր, որ Վալիևայի դոպինգ թեստում, որը վերցվել է անցյալ տարվա դեկտեմբերին, տրիմետազիդին արգելված նյութ է հայտնաբերվել: Այս դեղը արգելված է, բայց չի ազդում սպորտային արդյունքների վրա:
Պեկինի օլիմպիական խաղերին գեղասահորդուհու մասնակցությունը թույլատրելու որոշումը մարզական արբիտրաժային դատարանը կքննարկի փետրվարի 12-ին: Որոշումը կհրապարակվի փետրվարի 14-ին` օրվա երկրորդ կեսին։