Պարսից ծոցից մինչև Սև ծով. Հայաստանը շանս ունի
Երեք ամիս անց տեղի կունենա բանակցությունների վճռական փուլը, որը կորոշի՝ արդյոք Հայաստանը Պարսից ծոցի ու Սև ծովի միջև տրանսպորտային շղթայի օղակ կդառնա: Հանդիպման նախօրեին Թեհրանից հուսադրող ազդանշաններ են գալիս։ Այս մասին մտորում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
SputnikՀայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին փետրվարի 10–ին հրապարակայնորեն հավաստիացրել է, որ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքը կանցնի Հայաստանով:
«Այդ ռազմավարական նախագծի իրականացման համար կողմերը բավարար կամք ու վճռականություն ունեն։ Հայաստանի տարածքով Հյուսիս – հարավ տարանցիկ միջանցքն ընդհանուր նպատակ է։ Այն կծառայի ինչպես Երևանի, այնպես էլ Թեհրանի շահերին։ Հույս ունենք ամրապնդել Հայաստանի դերը որպես տարանցիկ օղակ», - ընդգծել է դիվանագետը լրագրողների հետ զրույցում։ Դեսպանը նշել է, որ այժմ ընթացքի մեջ է իրավաբանական բնույթի հարցերի լուծումը։
Աբբաս Բադախշան Զոհուրիի խոսքերը շատ ուշագրավ են թվում, եթե նկատի ունենանք նույն թեմայի վերաբերյալ հայտարարությունների շեշտադրումները, որոնք վերջերս հնչեցին Թեհրանի վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներից։
Բանն այն է, որ Իրանի պետական գործիչները, որոնք պատասխանատու են երկրի տրասպորտային քաղաքականության համար, միանգամայն հակասական արտահայտություններ են անում այն մասին, որ երկրի տարածքով տարանցիկ միջանցք կանցնի։
Եթե մինչև անցյալ տարվա աշնան սկիզբը խոսքը միայն Հայաստանի մասին էր, ապա վերջին ամիսներին Թեհրանում խոսում են այն մասին, որ նախապատվությունը, հնարավոր է, արժեր տալ Ադրբեջանին։
Բավական է նայել Հարավային Կովկասի քարտեզին` հասկանալու համար, որ Ադրբեջանը, որպես տարանցիկ պետության դերին հավակնող երկիր, իսկապես որոշակի առավելություններ ունի։
Դրանցից գլխավորը համապատասխան երկաթուղային ենթակառուցվածքի առկայությունն է։ Իրանի ու Ադրբեջանի երկաթուղային ցանցերը միացնելու համար բավական է ավարտել Կասպից ծովի ափին գտնվող մայրուղու մի փոքր հատված՝ Ռեշտ-Աստարա հատվածում։
Սակայն 44-օրյա պատերազմը ստիպեց թեհրանյան կառավարիչներին մտածել տրանսպորտային հաղորդակցությունը կարգավորելու անհրաժեշտության մասին՝ շրջանցելով թյուրքական պետությունները, որոնց շահերը միշտ չէ, որ համընկնում են Իրանի շահերի հետ։
Դրանով էլ բացատրվում է Հայաստանով անցնող միջանցքի ստեղծման նախագծի արդիականությունը։ Սյունիքի մարզի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները հանգեցրել են այդ կապակցությամբ բանակցությունների արագացմանը։ Թեհրանի գործողություններում նկատելի էր սկսածը ավարտին հասցնելու վճռականությունը։
Սակայն իրանական ու ադրբեջանական քաղաքական գործիչների միջև աշնանը սկսված բանակցությունները, որոնք թույլ տվեցին նվազեցնել լարվածությունը երկկողմ հարաբերություններում, անդրադարձել են նաև տրանսպորտային նախագծերի համար պատասխանատու թեհրանցի պաշտոնյաների արտահայտությունների տոնայնության վրա:
Անցյալ տարվա դեկտեմբերին Իրանի փոխադրումների միջազգային տարանցման վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին անսպասելիորեն հայտարարեց, որ Թեհրանը, Թբիլիսին ու Բաքուն, իբր, արդեն պայմանավորվել են, որ Պարսից ծոցից մինչև Սև ծով միջանցքը կանցնի Ադրբեջանի տարածքով:
«Ադրբեջանի ու Վրաստանի ներկայացուցիչների հետ երկու հանդիպումներից հետո մենք նրանց տարանցիկ միջանցքի վերաբերյալ կոնրետ լուծումներ ենք առաջարկել։ Թբիլիսին ու Բաքուն մեծ ջանքեր են գործադրել իրենց տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավման ու զարգացման համար: Այդ պատճառով մենք որոշել ենք ընդլայնել համագործակցությունն այդ երկրների հետ», - ասել է Հեդայաթին։
Պաշտոնյան պարզաբանել է, որ այժմ երթուղու փորձարկում է իրականացվում։ Առաջին բեռները, հաղթահարելով Ադրբեջանը, Վրաստանը և Սև ծովը, հաջողությամբ հասել են Բուլղարիա։ Դա դեռ փորձնական մեկնարկում է։
Ջավադ Հեդայաթիի խոսքով` եթե մինչև 2022 թվականի մարտի 20-ն այդ երթուղում ոչ մի թերություն չնկատվի, կողմերը ձեռնամուխ կլինեն փաստաթղթերի նախապատրաստմանը, որոնց ստորագրումը թույլ կտա գործընկերությանը ինստիտուցիոնալ մակարդակի դուրս գալ:
Ստացվում է, որ իրանցիները և՛ հայերին և՛ ադրբեջանցիներին ասում են այն, ինչ նրանք ուզում են լսել։ Իսկ վերջնական որոշումն իրենք, ըստ ամենայնի, դեռ չեն կայացրել։ Բայց լուծումը հետաձգելն արդեն անհնար է։ Հավանաբար ամեն ինչ կլուծվի գարնանը։
Օրերս Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին հայտնել էր, որ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին Սոֆիայում կկայանա Պարսից ծոց - Սև ծով տրանսպորտային միջանցքի ճակատագրի շուրջ բանակցությունների որոշիչ փուլը:
Նրա խոսքով՝ այդ ժամանակ համապատասխան համաձայնագրերի նախագծերը պատրաստ կլինեն ստորագրման համար։
«Ոչ պաշտոնական աշխատանք է ընթանում նախագծի մասնակից երկրների դեսպանների հետ։ Շուտով մենք կտեսնենք կարևոր տրանսպորտային միջանցքի ի հայտ գալը՝ տարածաշրջանի երկրների և արտաքին աշխարհի միջև առևտուրը հեշտացնելու համար», - ասել է Սաֆարին։
Բայց ուշադրություն դարձնենք մի կարևոր մանրամասնի՝ Մեհդի Սաֆարին նշել է, որ «միջանցքի շուրջ բանակցությունները շարունակվում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի ներկայացուցիչների հետ»:
Այսինքն՝ ադրբեջանական տարանցման երթուղին նույնպես քննարկվում է։
Հետաքրքիր է, որ Բաքվի լրատվամիջոցները, մեջբերելով Սաֆարիի խոսքերը, տեքստից հանում են Հայաստանի մասին հիշատակումը։ Ադրբեջանական պարբերականները պնդում են, որ Սոֆիայում պետք է ստորագրվի պատմական փաստաթուղթ, որը հիմք կդնի Հայաստանը շրջանցող հերթական տրանսպորտային միջանցքի կառուցման համար:
Մինչդեռ Սոֆիայի հանդիպումն իրականում գործընթացի շարունակությունն է, որն արդեն շուրջ վեց տարի ընթանում է առանց Ադրբեջանի մասնակցության։ Իրանի ԱԳՆ-ն Բուլղարիայի մայրաքաղաքում կայանալիք խորհրդակցություններն անվանել է «բանակցությունների վեցերորդ փուլ»:
Իսկ եթե դա այդպես է, ապա պետք է նկատի ունենալ, որ առաջին հինգ ռաունդները վերաբերում էին տարանցիկ երթուղու կառուցմանը հենց Հայաստանի տարածքով։ Այս ձևաչափով վերջին հանդիպումը, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 19-ին Երևանում։
Ադրբեջանական տարանցման թեման էլ, եթե ինչ-որ տեղ քննարկվել է, ապա ակնհայտորեն ոչ այդ ձևաչափով։ Այնպես որ, հակառակ Բաքվի մամուլի կանխատեսումներին, Սոֆիայում մեզ համար ոչ մի անցանկալի բան չի կարող տեղի ունենալ։
Եթե ամեն ինչ մեզ ձեռնտու ձևով ընթանա, Բուլղարիայի մայրաքաղաքում համաձայնագիր կկնքվի Հայաստանի ու Վրաստանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքի գործունեության սկզբունքների մասին։ Փաստաթղթի ստորագրումից հետո կձևավորվի համակարգող խորհուրդ, որը բոլոր անհրաժեշտ տեխնիկական հարցերը լուծելու լիազորություն կստանա:
Ի դեպ, դա չի նշանակում, որ նման բովանդակությամբ փաստաթուղթ ավելի ուշ չի ստորագրվի նաև Ադրբեջանի հետ։ Մեծ չէ հավանականությունը, որ Իրանը միաժամանակ երկու երթուղի կօգտագործի։ Ամենայն հավանականությամբ` երկիրն ի վերջո կանգ կառնի դրանցից մեկի վրա։
Համարձակվում եմ ենթադրել, որ ընտրությունը հօգուտ Հայաստանի տարածքով տարանցման է լինելու։ Եվ բանն այն չէ, որ մեր միջանցքը ադրբեջանականից կարճ է։ Կարևորն այն է, որ երթուղին անցնում է մի երկրի տարածքով, որի հետ Իրանը ոչ մի հակասություն չունի ու չի էլ կանխատեսվում, որ կունենա։
Իրանի համար ավելի կարևոր է այն փաստը, որ այդ միջանցքն անցնում է Սյունիքի մարզով, որի հարավին բացահայտորեն հավակնում է Ադրբեջանը։ Բաքուն, այդպիսով, ձգտում է ոչ միայն միավորվել Նախիջևանի ինքնավարության և Թուրքիայի հետ, այլև դրանով կտրել Իրանը Հայաստանից։
Մեղրիի տարածքով ուղղահայաց տարանցիկ ուղու հատուկ կարգավիճակը Թեհրանին թույլ կտա հիմնավորել այդ տարածաշրջանի անվտանգության համակարգի ձևավորմանը մասնակցելու իրավունքը:
Տրանսպորտային միջանցքի անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը երաշխավորում է Իրանի քաղաքական, իսկ հնարավոր է` նույնիսկ ռազմական ներկայություն Սյունիքում։ Իրանի համար դա իսկապես կարևոր է։ Եվ դրանում Թեհրանի և Երևանի շահերը համընկնում են։
Իհարկե, հայկական տարանցումը թերություններ ունի։ Հիմնական մինուսը բեռնափոխադրումների մուլտիմոդալությունն է։ Հնդկաստանից ու Չինաստանից Եվրոպա մեկնող կոնտեյներները ստիպված կլինեն մի քանի անգամ բեռնաթափել՝ Բենդար-Աբաս նավահանգստում բեռնանավերից տրեյլերներ, այնուհետև Երևանում երկաթուղային վագոնների հարթակներ, այնուհետև Փոթիում կրկին բեռնամբարձիչներ, որից հետո արդեն հունական ու բուլղարական նավահանգիստներում՝ կրկին հարթակներ: Դա ծախսատար է ու ժամանակատար։
Երկրորդ խնդիրը Ֆինանսնեն են։ Նախագծի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները կարգավորելու համար հարյուր միլիոնավոր դոլարներ կպահանջվի։ Իրանը չի պատրաստվում իր վրա վերցնել բոլոր ծախսերը։ Յուրաքանչյուր երկիր կֆինանսավորի իր տարածքում անցկացվող աշխատանքները։
Բուլղարիայի կառավարությունն արդեն հաստատել է Բուրգասում և Վառնայում սեփական միջոցներով հատուկ տերմինալներ կառուցելու պատրաստակամությունը։
Հունաստանն ու Վրաստանը կարող են առանց լրացուցիչ ներդրումների գործի անցնել։ Նրանց նավահանգիստները և ճանապարհները սկզբունքորեն համապատասխանում են անհրաժեշտ պահանջներին. Հայաստանի հետ ավելի բարդ է, դրա տրանսպորտային ենթակառուցվածքը դեռ հեռու է նման գլոբալ նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ մակարդակից։
Դրա համար էլ մեր գլխավոր խնդիրն է հնարավորինս շուտ ավարտին հասցնել «Հյուսիս – հարավ» ավտոմայրուղին և Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհ հարթել՝ շրջանցելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները։ Դա անել հնարավոր է։ Պետք է միայն շտապել։