ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի Խարկով քաղաքում ավարտվել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը, որում հայ ըմբիշները նվաճել են 10 մեդալ։ Տեղեկությունը հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան։
«Մեր ըմբիշները նվաճել են 10 մեդալ՝ 2-ական ոսկե և արծաթե, ինչպես նաև 6 բրոնզե։ Ոսկե մեդալ են նվաճել Մանվել Խնձրցյանը (57կգ) և Լյովա Գևորգյանը (125կգ)։ Մրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Արման Անդրեասյանը (70կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125կգ)»,–հայտնում են ֆեդերացիայից։
Նշվում է, որ բրոնզե մեդալակիրներ են դարձել Նորիկ Հարությունյանը (61կգ), Մենուա Յարիբեկյանը (74կգ), Մուշեղ Մկրտչյանը (79կգ), Արման Ավագյանը (79կգ), Մհեր Մարկոսյանն (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92կգ)։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով` մրցաշարը ծառայեց իր նպատակին։
Ըստ մասնագետի՝ կարևոր նպատակը մարզիկների կարողությունները և թերությունները տեսնելն էր, որպեսզի Եվրոպայի առաջնություններից առաջ աշխատեն հենց այդ թերությունների շտկման վրա։
Առողջական խնդիրների պատճառով Արսեն Հարությունյանը (61 կգ) չի մեկնել մրցավայր։
Նշենք, որ մրցաշարն անցկացվում էր փետրվարի 10-11-ը։