ՀՌՀ–ն 5 օրով կասեցրել է «Արմնյուզի» և «Ռադիո 107 ՖՄ»–ի լիցենզիան և տույժ կիրառել

«Քառյակ մեդիայի» հիմնադիրները պաշտոնապես չեն տեղեկացրել ՀՌՀ–ին՝ «Արմնյուզ» ՓԲ և «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիաների գործողության դադարեցման իրենց որոշման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարված արտահերթ նիստում «Արմնյուզ» ՓԲ և «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիան հինգ օր ժամկետով կասեցրել է` կիրառելով նաև վարչական տույժ։ Տեղեկությունը հայտնում են հանձնաժողովից։
Ըստ հաղորդագրության` մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է, որ փետրվարի 11-ին ժամը 00։01:00-ից հեռարձակողներն ավելի քան 24 ժամ չեն ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակումը:
Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ «Քառյակ մեդիայի» հիմնադիրները հայտարարություն են տարածել իրենց գործունեության դադարեցման մասին, սակայն վերջիններս թե՛ տարածած հաղորդագրության մեջ, և թե՛ գրությամբ պաշտոնապես չեն տեղեկացրել հանձնաժողովին «Արմնյուզ» ՓԲ և «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիաների գործողության դադարեցման` իրենց որոշման մասին:
Հիշեցնենք`«Քառյակ մեդիայի» համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը փետրվարի 10–ին հայտնեց, որ դադարեցնում են իրենց գործունեությունը։
«Քառյակ մեդիան» հիմնադրվել է 2019 թվականի փետրվարի 1–ին։
Ընկերության կազմի մեջ են մտնում «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am լրատվական կայքը և ArmNews FM ռադիոն։