Հրդեհ Թեղուտում. այրվել է անասնագոմ և խոտ, սատկել են կենդանիներ

Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 11–ին ժամը 19։55-ին, մարվել գիշերը` 00:20-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Լոռու մարզի Թեղուտ գյուղում անասնագոմ է այրվել. տերը լուրջ նյութական վնաս է կրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 11-ին, ժամը 18։28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ համայնքի վերջնամասում այրվում է անասնագոմ․ ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ձորիգեղ» կոչվող հանդամասում գտնվող անասնագոմում (մոտ 750 քմ)։
Ղազախստանում հովիվը մահացել, իսկ 1000–ից ավելի ոչխարներ սատկել են հրդեհի հետևանքով
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։55-ին, մարվել փետրվարի 12-ին, ժամը 00:20-ին:
Այրվել են անասնագոմի կառուցատարրերը (մոտ 150 քմ) և 400 հակ պահեստավորած անասնակեր, սատկել՝ 7 խոզ և 6 խոշոր եղջերավոր կենդանի։