ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Երևանի Լոմոնոսովի փողոցում այսօր` փետրվարի 12–ին, հրդեհ է բռնկվել տան տանիքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 12-ին, ժամը 15:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ երաժշտական դպրոցի մոտակայքում, այրվում է շենքի տանիք»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոմոնոսովի փողոցում գտնվող կիսակառույց տան տանիքում (մոտ 70 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։31-ին, մարվել՝ 15։38-ին։ Մասամբ այրվել է տանիքի ջերմամեկուսիչ շերտը (մոտ 30 քմ)։