ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը մեկնաբանել է նախագահ Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին հայկական մամուլում շրջանառվող լուրերը։
Ավանեսյանը Sputnik Արմենիային ասաց, որ պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին նախագահ Հարությունյանը հետպատերազմյան շրջանում մի քանի անգամ հայտարարել է` նշելով, որ կգնա այդ քայլին, երբ Արցախում հնարավոր կլինի համապետական ընտրությունների անցկացումը։
«Արցախում այսօր սահմանդրական բարեփոխումների գործընթացի մեկնարկն է ազդարարվել, որը մի շարք հարցերի պատասխան պիտի տա։ Մինչ այդ գործընթացի ավարտը մնացած բոլոր քննարկումների մեկնաբանությունից ձեռնպահ կմնամ»,–ասաց Ավանեսյանը։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ հեռանալու պատրաստակամություն է հայտնել, և քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել հաջորդ տարի նախատեսվող ընտրական գործընթացին:
Հիշեցնենք, որ Արցախի ղեկավարը դեռ 2020 թվականի դեկտեմբերին ասել էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կհեռանա, եթե Արցախը ի վիճակի լինի հաղթահարել համապետական ընտրություններով պայմանավորված դժվարությունները։