Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա
Երևանի՝ ժամանակին գործարան եղած հին շենքերից մեկի սենյակում ենք, որը առաջին հայացքից տիպիկ արվեստանոց է՝ խառը նյութերով, ավարտված և կիսատ քանդակներով, դազգահներով։ Բայց արվեստանոցում ոչ տիպիկ երկու բան կա՝ «տանտերն» իրեն արվեստի մարդ չի համարում, և երկրորդ՝ այստեղ արվեստի գործերը ստեղծվում են ինքնատիպ, ոչ մի տեղ չհանդիպող տեխնոլոգիայով։
59-ամյա Կարեն Թերզյանն իր առաջին բրոնզե քանդակը պատրաստել է 15 տարի առաջ։ Այսօր «Թերզո» բրենդի ներքո նա ստեղծում է բրոնզից և այլ մետաղներից յուրօրինակ քանդակներ, կոլաժներ, մոմակալներ ու կենցաղում կիրառվող իրեր՝ ափսեներ, դռների բռնակներ, զարդեր։
Կարեն Թերզյանի աշխատանքներից
© Photo : provided by Karen Terzyan
«Ես արվեստից կիլոմետրերով հեռու մարդ եմ միշտ եղել, կյանքումս արվեստի մասին գիրք կարդացած չկամ։ Ինժեներ եմ, զբաղվել եմ իմ գործով, հետո էլ՝ տարբեր բիզնեսներով։ 90-ականներին սկսեցի ոսկի ու արծաթ ձուլել ու վաճառել ոսկերիչներին։ Էդ գործի շրջանակում սկսեցի էքսպերիմենտներ անել ազնիվ մետաղների հետ։ Հասկացա, որ ինձ համար ամենահետաքրքիրը բրոնզն է. ոսկու ու արծաթի հետ աշխատելը հեշտ է, ռեակցիաների քիչ են ենթարկվում։ Իսկ բրոնզի հետ աշխատանքը մարտահրավեր է։ Մի «ստանոկ» ես ունեի, մեկը ընկերներս տվեցին, գործիքներ ձեռք բերեցի և այլն, ու սկսեցի փորձարկել։ 11 փորձից 10-ը չէր ստացվում», ֊ պատմում է Թերզյանը։
Սկզբնական շրջանում նա տերևներ, փշեր ու բույսեր էր բերում արվեստանոց ու նույնությամբ կերտում դրանց բրոնզե տարբերակները։ Ստեղծելու պրոցեսը մի քանի բարդ էտապներ ունի՝ ճիշտ խառնուրդներ ստեղծել, վակուումներ ու վառարաններ կիրառել, «պայկա» անել և այլն։ Տեխնոլոգիան ստեղծվել է սխալների ու պարբերաբար փոփոխություններ անելու հիման վրա։ Իսկ սխալները կարող են նույնիսկ ճակատագրական լինել՝ սխալ խառնուրդների դեպքում վառարանը կարող է պայթել կամ հրդեհ առաջանալ։
Իրեն արվեստագետ չանվանող արվեստագետի գործերում առանձնանում են կյանքի, մահվան ու վերածնունդի կրկնվող ցիկլերը խորհրդանշող քանդակները՝ մարդկանց պրոֆիլներ, որոնցից թարմ բույսեր են աճում ու ծաղկում։ Թերզյանն այսօր աշխատում է մի շարքի վրա, որը խորհրդանշում է աշխարհի քաղաքակրթության հետընթացն ու վերացումը։
«Շարքը սկսում է Ադամի ու Եվայի քանդակից, շարունակվում այլ մարդկանցով, հետո Էդվարդ Մունկի «Ճիչ» նկարն է, եթե այն ստեղծվեր 21-րդ դարում, ապա մուտացված կերպարներ են», ֊ նկարագրում է Թերզյանը։
Քանդակների մի մասը պատվարների վրա են, մյուս մասը՝ գեղարվեստական նկարների հետ, հետաքրքիր կոլաժ են ստեղծում։
Թերզյանի գործերը ցուցադրվում ու վաճառվում են։ Ամենաթանկ աշխատանքն արժեցել է 4000 դոլար, այն վաճառվել է 44-օրյա պատերազմի օրերին։ Արվեստագետը գումարը ամբողջությամբ փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։