Վարդան Ղուկասյանի որդին կալանավորված է. «Հրապարակ»

Դատարանի որոշումը պաշտպանական կողմը կարող է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կալանավորված է, գրում է «Հրապարակը»։
Նշվում է, որ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։

«Առաջին անգամ դատարանը քննիչի կալանավորման միջնորդությունը մերժել է, որից հետո դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել, որը բավարարվել է։ Խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և իմ պաշտպանյալը մինչև հիմա կալանքի տակ է»,–ասել է Ղուկասյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։

Նրա խոսքով`դատական առաջին նիստին` հունվարի 24–ին, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը փոփոխելու համար, սակայն դատարանը կալանավորման որոշումը թողել է ուժի մեջ։
Գյումրիում Վարդան Ղուկասյանի խնամուն սպանելու մեջ մեղադրվողը կալանավորվել է
Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտ ամսին։ Պաշտպանի խոսքով` Ղուկասյանն իր մեղքը չի ընդունում։

«Իմ պաշտպանյալը չի կարող ընդունել մեղադրանքը, որովհետև նման արարք չի կատարել, և առհասարակ նման արարք տեղի չի ունեցել։ Չկա ապացույցների բավարար համակացություն, որը կփարատի հիմնավոր կասկածի անգամ նվազագույն շեմը։ Ակնհայտ է, որ Ղուկասյանին ոչ օրինաչափ են պահում կալանքի տակ»,–ասել է պաշտպանը։

Թերթի տեղեկություններով` Ղուկասյանը նախաքննության ընթացքում իր դիրքորոշումը հայտնել է, սակայն ցուցմունք չի տվել։ Նա որոշակի առողջական խնդիրներ ունի, սակայն դրա մասին չեն բարձրաձայնում։
«Դատաքննությունը տեղի է ունենում Գյումրիում, իսկ նա պահվում է «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»,–գրում է թերթը։
Վարդան Ղուկասյանի որդին թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է օգոստոսի 19-ին՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքների կասկածանքով։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։