ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Սահմանը բացելու դեպքում Հայաստանը պետք է պաշտպանի տեքստիլ արտադրանքը Թուրքիայից, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց տնտեսագիտության դոկտոր, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աշոտ Թավադյանը:
Նրա խոսքով՝ 2021թ.-ին տրիկոտաժի և տեքստիլ արտադրանքի արտահանումն աճել է 22.8%-ով (129 մլն դոլարից հասնելով 159 մլն դոլարի)` կազմելով ամբողջ արտահանման 5.9%-ը: Այդ ցուցանիշը պայմանավորված է նաև այն թուրքական արտադրանքի արգելքով։
«Այստեղ կառավարությունը խնդիր ունի։ Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ հաստատել, բայց պատրաստի արտադրանքի ներմուծման հարցում ուշադիր լինել և սահմանափակել տուրքերով ու համապատասխան ֆիտոսանիտարական հսկողությամբ»,-ասաց Թավադյանը։
Նրա կարծիքով` վերածնված թեթև արդյունաբերությունը Հայաստանի տնտեսական զարգացման լոկոմոտիվներից մեկը դառնալու ներուժ ունի: Հայաստանի համար առաջնահերթություններից մեկը պետք է լինի թեթև արդյունաբերության ամրապնդումն ու աճի ապահովումը։ Իր «Հայաստանի տնտեսությունը 2021 թ․-ին՝ ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության համատեքստում» հետազոտության մեջ նա նշում է, որ դա կարևոր է, այդ թվում՝ զբաղվածության մակարդակի բարձրացման առումով։
Ուստի, հաշվի առնելով այն հնարավորությունները, որոնք տալիս է Թուրքիայի հետ սահմանի բացումը, պետք է ուշադրություն դարձնել հայրենական թեթև արդյունաբերության համար պաշտպանական մեխանիզմների կիրառմանը, այլապես դա վնաս կհասցնի ոչ միայն տեքստիլ արտադրանքի արտահանմանը ԵԱՏՄ, այլ նաև գյուղատնտեսությանը։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ հավելեց, որ Թուրքիան շարունակում է խախտել 3 կարևոր կոնվենցիաները: Նա պետք է Հայաստանին ելք տա դեպի ծով (որպես դեպի ծով ելք ունեցող պետություն), ընդ որում` անվճար։ Դա պարտավորություն է, որը ստանձնել է, բայց շարունակում է խախտել։
Հիշեցնենք` Հայաստանը թուրքական ապրանքների ներկրման արգելք սահմանեց 2020թ–ի հոկտեմբերին, երբ Թուրքիան բացահայտ աջակցեց Ադրբեջանին Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծած ագրեսիայի ժամանակ։
2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը որոշեց չեղարկել թուքական ապրանքների ներկրման էմբարգոն։ Ընդ որում` երբ արգելքը հայտարարվում էր, թուրքական ապրանք ներկրողներին ավելի քան երկու ամիս ժամանակ տրվեց (հայտարարեցին 2020թ․-ի հոկտեմբերի 20-ին, իսկ գործարկեցին 2021թ․-ի հունվարի 1-ից), մինչդեռ էմբարգոյի չեղարկման մասին հայտարարեցին դեկտեմբերի 30-ին՝ փաստի առաջ կանգնեցնելով նրանց, ովքեր պատրաստվում էին Հայաստանում ներկրմանը փոխարինող ձեռնարկություններ ստեղծել։